Armenpress.am-ը գրում է․
Սեւանցիներն ու քաղաքի հյուրերը նկատել են, որ քաղաքի մի քանի հատվածներում տեղադրվել են հեծանվային կայանատեղիներ, որոնք sevanVELOtime նախագծի մի բաղադրիչն են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Սեւանում հեծանվային մշակույթի արմատավորման ծրագիրը սկսվել է ամիսներ առաջ, երբ «Սեւանի մշակութային կենտրոն»-ի աշխատակից Հերմինե Անդրիկյանը մասնակցել է ՀԲԸՄ-ի «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագրին, որն անցկացվում էր ՀԲԸՄ-ի` «Կանանց հզորացման նախաձեռնության» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընթացքում երեք լավագույնները, որոնց թվում էր Հերմինե Անդրիկյանը, արժանացել են դրամաշնորհի, որի օգնությամբ էլ պետք է իրականացնեին բարեփոխման ծրագրեր իրենց համայնքներում:
Օգոստոսի 12-ին էլ` Երիտասարդության միջազգային օրը, Սեւան քաղաքում առաջին անգամ անցկացվելու է սիրողական հեծանվասպորտի մրցաշար։ Մրցաշարն անցկացվելու է 3 խմբերի համար՝ կանայք եւ աղջիկներ, երիտասարդ տղաներ, երեխաներ: Մասնակիցների գրանցումն արդեն սկսված է։ Մրցաշարի մեկնարկը տրվելու է Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքից։ SevanVELOtime նախագիծը կանանց եւ աղջիկների առօրյան հետաքրքիր, բովանդակալից դարձնելու ինքնատիպ հնարավորություն է, որի շնորհիվ Սեւանում հեծանվային մշակույթը, հեծանվավարությունը կդառնան առօրյայի բաղկացուցիչ մաս»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան