1952-ին Եգիպտոսում իրական հեղափոխություն է տեղի ունենում, քանի որ առաջնորդներից Նասերը նպատակ էր դրել ապագաղութացնել պետությունը՝ հետ բերելով նախկինում Եգիպտոսին պատկանող ենթակառուցվածքները և երկրում սոցիալական արդարություն հաստատել: Այսինքն մերինի պես կեղծ ու անբովանդակ չէր հեղափոխություն կոչվածը:
1956-ին նախագահ դառնալուց հետո պետականացնում է Սուեզի ջրանցքը (կապում է Միջերկրականը Կարմիր ծովին), որը պատկանում էր անգլիական և ֆրանսիական ընկերությունների: Չնայած որ Նասերը հայտարարում է, որ կվճարեն բաժնետոմսերի դիմաց և ՄԱԿ-ն ի սկզբանե դեմ չէր (որոշակի պայմանով), Ֆրանսիան Անգլիան և Իսրայելը գաղտնի պայմանավորվածությամբ հարձակվում են Եգիպտոսի վրա, որպեսզի իշխանությունից զրկեն նախագահին և հետ բերեն Սուեզի ջրանցքը: Սկսվում է պատերազմ, որին կարելի է ասել վերջ է դնում ԽՍՀՄ: ԱՄՆ նույնպես դեմ էր սրան: Խրյուշովը հայտարարում է, որ անգլիացիների ու ֆրանսիացիների համար տխուր կսարքի, եթե դուրս չգան Եգիպտոսի տարածքից: Կարճ ասած Եգիպտոսին հաջողվում է հետ բերել ահռելի մեծ ու ռազմավարական նշանակության ենթակառուցվածք, որով նաև զգալիորեն ազատվում է գաղութարարաների ազդեցությունից, և պետության համար ահռելի մեծ չափերի շարունակական եկամտի հոսք է ապահովում:
Ի դեպ, Նասերը իր թերություններով հանդերձ, այնքան կարգին ղեկավար էր, որ 1967-ին Իսրայելի հետ պատերազմում պարտություն կրելուց հետո հրաժարական է տալիս երկրի ղեկավարի պաշտոնից: Հաջորդիվ փողոց դուրս եկած միլիոնավոր մարդկանց ցանկությամբ վերադառնում է:
Հայաստանում իրական հեղափոխությունը լինելու է մետաղական հանքերը պետականացնելու կարգախոսով, ի թիվս այլ սոցիալական բարեփոխումների: Այլ օրակարգերի ներքո որևէ իշխանափոխություն լինելու է առկա հոռի շրջանի մեկ այլ ընթացք:
Եթե հայ հանրույթը մի գեղեցիկ օր չսկսի գիտակցել, որ աշխարհը պայքարում է ռեսուրսների շուրջ և ազգերի միջև հակամարտությունները սրա մաս են, ապա մենք շուտով պետություն չենք ունենալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել