Hetq.am-ը գրում է․
2020թ․ 44-օրյա պատերազմն իր ահռելի բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների վրա, հատկապես անվտանգային առումով։ Սյունիքի մարզի ամբողջ արևելյան հատվածը դարձավ սահմանամերձ, իսկ նոր սահմանների մոտ գտնվող ճանապարհները՝ վտանգավոր երթևեկության համար։ Խոսքը, մասնավորապես, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ավտոճանապարհի մասին է։ Որոտանի (Կուբաթլու) և Կովսականի (Զանգելան)՝ Ադրբեջանի վերսհակողության տակ անցնելուց հետո Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ հայտնվեցին այդ գոտում։
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է «վիճարկելի տարածքով»: Կողմերի համար՝ որպես ընդունելի տարբերակ ընտրվեց այդ հատվածում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայումը, թեպետ սա չէր կարող հարյուրտոկոսանոց երաշխիք հանդիսանալ այդ հատվածներով անվտանգ երթևեկելու համար։
Ուստի, Գորիսից Կապան տանող անվտանգ ճանապարհ ունենալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այն կապող օղակ է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իսկ այլընտրանքային ճանապարհը Տաթև-Աղվանի-Կապանն է, որը երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում։
2021թ․ հուլիսի 16-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը
տեղեկացրեց, որ հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է երեք ընկերություն՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Ոսմար» ՍՊԸ և «Քարավան» ՍՊԸ, որոնցից երկուսն ընտրվել են առանց մրցույթի։
623 միլիոն դրամ գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը
«Բիլդեր Քոնսթրաքշնը» իրականացնում է ճանապարհի առաջին 12,5 կմ երկարությամբ հատվածի (Տաթևից դեպի Աղվանի) ասֆալտապատումը։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2021թ․ թվականի մայիսի 21-ին ընկերության և ՏԿԵ նախարարության միջև կնքված գնման պայմանագրով, «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությանը պետական բյուջեից փոխանցվելու է 622 մլն 886 հազար դրամ։ Ընկերությունն ընտրվել է բաց մրցույթի միջոցով։
«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ունի 23 տարվա պատմություն։ Այն 1998 թվականին հիմնադրել են Ռաֆիկ Շիրինյանն ու Ռուբեն Տեր-Սահակյանը, սակայն 2001 թվականից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար Ղուկաս Գրիգորյանն է։ Ընկերությունը մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը կոչվել է «Վահագն և Սամվել» ՍՊԸ, այնուհետև անվանափոխվել «Բիլդեր Քոնսթրաքշնի»։
«Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կառուցել է նաև Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհը, ինչի համար Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Ղուկաս Գրիգորյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կատարել է նաև Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարահատվածի շինարարական աշխատանքները։
Ղուկաս Գրիգորյանին է պատկանում Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում 2019 թվականին բացված «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որի բացման արարողությանը Ղուկաս Գրիգորյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ղուկաս Գրիգորյանին է պատկանում նաև Երևանի Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ գործող
Հաղթանակի բազալտի հանքավայրը շահագործող «Իքս-իգրեկ» ՍՊԸ-ն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: