Pastinfo.am-ը գրում է.

Խոսել 21-րդ դարում բարեփոխվող բանակի, ՀՀ զինված ուժերի մասին և ունենալ Գագիկ Մելքոնյանի կերպարով գեներալ, նշանակում է հետ գնալ 90-ականների Հայաստան, երբ Արցախում կռվող և հայրենիքն ազատագրողներին զուգահեռ  թիկունքում բարգավաճում էր մի  խավ, որին ժողովուրդն անվանում էր՝ նախ՝ «ասֆալտի ֆիդայի», հետո՝«ասֆալտի գեներալ»։ Այդ ասֆալտի գեներալների դասական օրինակ է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որի կենսագրական տվյալները անհնար է գտնել համացանցում՝  պարզելու համար, ասենք, գեներալ-լեյտենանտի տիտղոսակիր այս պարոնը ի՞նչ կրթություն ունի, կամ՝ ունի՞ ընդհանրապես որևէ զինվորական կրթություն, որից այսօր մեր զինվորները կարող են մի բան սովորել։ Իսկ ընդհանրապես, ինքն իր գործը, իր տեղը դեռ վաղուց է ձևակերպել՝ միշտ և ամենուր՝ թիկունքի գծով․․․

Խնդրո առարկա կերպարը գոյություն ունի, որ  դեռ չօծված վարչապետ  Փաշինյանի սիրելի՝  «սերմացու գողացող մկների» մասին հաճախ կրկնվող տողը՝ Հրանտ  Մաթևոսյանից՝ ուղղակի գա և կանգնի, մեխվի մեր դիմաց։

Իրականում, նա հենց այն ասֆալտի գեներալներից էր, որոնցից մեր բանակն ազատելու հստակ խնդիր էր իր առջև դրել Վազգեն Սարգսյանը։ Ավաղ, չհասցրեց։ Հաջորդիվ արդեն ողբերգությունը մեղմող իրավիճակային գործընթացներ տեղի ունեցան, երբ ապաշնորհների մի զանգված  հայտնվելով պետական  բարձր պաշտոններին, ուղղակի երկրի զարգացումը հետ գցեց մի ընթացք։ 

Հիմա՝ և՛ նրանց  հետնորդներն են, և՛ իրենք՝ որպես անցյալի վերապրուկներ․․․

Լսում ես Հանրայինի եթերում, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, այժմ՝ արդեն՝ քպական ցուցակով առաջադրված և էսօր-էգուց պատգամավոր Գագիկ Մելքոնյանին ու զարմանում՝ այս մարդիկ դեռ երեկ զբաղված էին զինված ուժերը  կազմալուծելով, բանակ չկա՝ ասում էին, հիմա, թե՝  հայկական բանակը հզոր ու հերոսական է։ Թե՝ մենք կարող ենք մեզ պաշտպանել։ Հ1-ի հարցազրուցավարի աչքերը թեպետ զարմանքից կլորանում է, սակայն նեղը չի կարող գցել, թե չէ՝ իրեն նեղը կգցեն, զարմանքով լսում է ու լռում։ Հյուրը պնդում է, որ Երասխից, թե՝ սահմանային այլ հատվածից հարձակվի թշնամին, հակահարված կտրվի։ Լավ, բա բայրաթքարները, դրանց դեմը ո՞նց կառնենք։ Այս դեպքում հույսը դաշնակիցն է։ Բա ՀԱՊԿ-ը, բա ՌԴ-ն ո՞ր օրվա համար են՝ ասում է։ Բա չասես՝ դու՛, դու՛ որպես իշխանություն,  ի՞նչ ես անում ինքդ՝ քո երկիրը, պետությունն ու ժողովրդին պաշտպանելու համար, սահմանին գյուղացին ցայտնոտի մեջ է։ Էլ չենք խոսում մուննաթի ժանրում ՌԴ-ին ուղղված մեղադրանքի մասին՝ այն համատեքստում, որ վերջինս կապիտուլյացիոն համաձայնագրի կետերը չի կատարում։ Ասենք, որևէ մեկը կասկածու՞մ է, որ նույն կապիտուլյանտն իր կիրթ հարևանի հետ պատանդ է պահում մեր ռազմագերիներին՝ նրանց վերադարձնելու հարցը  փուլ առ փուլ՝ իր համար շահեկան ժամանակներին լուծելով։ Ընտրությունների նախաշեմին, օրինակ, ինչպես արեց վերջին անգամ․․․Իսկ ռուսներին ուղղված մուննաթը երևի գերիներին վերադարձնելու համար է։

Լսում ես ու չես հասկանում՝ «լայնամասշտաբ պատերազմ ունենալ-չունենալու» մասին հարցի պատասխանը։ Մի կողմից ասում է՝ ադրբեջանը սահմանային կրակահերթերով հրադադարը խախտելով փորձում է պատերազմը վերսկսել, բայց հետո  հերքում լայնամասշտաբ պատերազմի մասին հնարավորությունը։ Ի վերջո, երբ շատ կոնկրետ պիտի պատասխանի՝ եթե այնուամենայնիվ, պատերազմ  սկսվի, հայկական բանակը պատրա՞ստ է դիմակայել, հետ մղել թշնամուն, շատ անվստահ՝ ասում է՝ «իմ կարծիքով՝ այո»․․․

Ի դեպ, թիկունքի գեներալը նախկին ԳՇ պետին մեղադրում է բանակը քաղաքական գործընթացներին խառնելու մեջ։ Նկատենք, որ այս առումով պաշտպանության ոլորտի իրենց ողջ «սաստավը»՝ Վաղարշակ Հարությունյանից սկսած՝ իրենով ավարտած՝ բանակը քաղաքականացնելու բազմամյա փորձ ունեն։ Երևի գեներալը մոռացել է, բայց մենք հիշում ենք, որ լինելով ՊՆ փոխնախարար, 2008-ին՝ Տեր-Պետրոսյանի կոչով Ազատության հրապարակ՝ քաղաքական պայքարի էր դուրս եկել։

Ընդհանրապես, այս գեներալի լեզուն էլ, մտծողությունն էլ ուրիշ է, մի տեսակ՝ ոչ սպային վայել, ասես՝ ֆեյսբուքյան կիսագրագետ գրառումներից կտորներ էի լսում։ Իրականում, գեներալը կապիտուլյանտի անձնական ադյուտանտի դերն էր ստանձնել և այդ դերն է կատարելու   նոր խորհրդարանում։

Արդեն իսկ՝ ուզում է համոզել մարդկանց, որ Արցախի մի հատվածն ենք կորցրել ընդամենը, իսկ Հայաստանից ոչ մի թիզ չենք տվել թշնամուն։ Երևի ազերի 1000 զինվոր էլ ՀՀ սահմանը չէ, որ խախտել են՝ հայ գյուղացուն զրկելով իր մշտական արոտավայրերից ու սահմանային բարձունքներից, սյունիքն ու Գեղարքունիքը դարձնելով մարդկանց կյանքի ու կենսագործունեության համար վտանգավոր։ 

Հա, ի դեպ, գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող Գագիկ Մելքոնյանը շա՜տ է նեղվում գերագույն գլխավորին կպած «կապիտուլյանտ» բառից։ Ասում է՝ կապիտուլյանտը նա է, ում ի՞նչ կամենան պարտադրում են և վերջինս հլու կատարում է։ Իսկ ի՞նչ է, այս դեպքում ա՞յլ է։ Ամեն օր մենք իշխանության տարբեր պաշտոնյաներից չե՞նք լսում, թե՝ ալիևը ուզում է, ալիևը պահանջում է, ալիևը պարտադրում է․․․Ինքնիշխա՞ն մե՞կն է Փաշինյանը։ Ինքնիշխանությա՞ն նշա՞ն է՝ հրապարակավ հայտարարելը, թե՝ ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին․․․

Հանրայինի հարցազրույցը մի հաստատում արեց՝ կապիտուլյանտը գեներալ-ադյուտանտ ունի։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել