Armeniasputnik.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։

Նա ազատ արձակվեց գրավի և չհեռանալու ստորագրության դիմաց։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը բավարարեց փաստաբաններ Արամ Վարդևանյանի և Էրիկ Ալեքսանյանի` իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Վարդևանյանն առաջարկել էր որպես գրավ դիտարկել առնվազն 10 միլիոն դրամը։ Դատարանը Չարչյանին ազատարձակեց 15 միլիոնի դիմաց։ 

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությանը` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Նա կալանավորվեց։

Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրին նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել