Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր:
Ծնվել է Արարատի շրջանի Չանախչի գյուղում (այժմ` Զանգակատուն): Ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1945-1955թթ.` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսել է 1955-1959թթ.: 1963-1971թթ. աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող: 1966-1971թթ. եղել է ՀԳՄ վարչության քարտուղար: Պ. Սևակի գործերից են` «Անմահները հրամայում են» գրքույկը (1948թ.), «Անհաշտ մտերմություն» պոեմը (1953թ.), «Սիրո ճանապարհ» (1954թ.), «Նորից քեզ հետ» (1957թ.) բանաստեղծությունների ժողովածուները, «Անլռելի զանգակատուն» (1959թ. վերամշակել է 1966թ.), «Եվ այր մի Մաշտոց անուն» (1962թ.), «Եռաձայն պատարագ» (1967թ.) պոեմները, «Մարդը ափի մեջ» (1963թ.), «Եղիցի լույս» (1971թ.) ժողովածուները, «Սայաթ-Նովա» մենագրությունը: 1967թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ, գրել ֆիլմերի սցենարներ:
***
...Ա՜խ, իմ հայրենի՛ք...
Ես ոչի՜նչ, ոչի՛նչ քեզ տալ չեմ կարող,
Ինչ էլ տամ` կրկին տվածդ եմ տալիս:
Մինչևիսկ չունեմ պարտքի զգացում.
Ես ոտից գլու՛խ քո պարտքն եմ որ կամ...
                                                           Պ. ՍԵՎԱԿ («Երգ եռաձայն»-ից)
Պ. Սևակի հուշարձանը տեղադրվել է 1978թ. իր անունը կրող N 123 դպրոցի պատի խորշում: Քանդակի աջ և ձախ կողմերում շենքի պատին փորագրված են քառյակներ Պ. Սևակի բանաստեղծություններից, իսկ պատվանդանի ներքևի մասում հետևյալ տողերն են`
«Ճշմարտությունը չի հետազոտվում,
Ճշմարտությունը ճանաչվում է լոկ»:
Արձանի նյութը՝ բրոնզ, բազալտ, բարձրությունը` 2 մ, քանդակագործ` Արա Շիրազ (տես` Ա. Մյասնիկյանի արձանը), ճարտարապետ` Ջիմ Թորոսյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել