Ծնվել է Ալեքսանդրապոլում /Գյումրի/։ Հայրը սպանվել է 1920թ. թուրքական ջարդերի ժամանակ։ Մինչև չափահաս դառնալն ապաստանել է որբանոցում։ Սովորել է Լենինականի դպրոցներում։ 1941թ. ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը։ 1935թ. լույս է տեսել Շիրազի «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն։ Այնուհետև հրատարակվել են նրա «Սիամանթո և Խջեզարե» վիպերգը, «Երգ Հայաստանի», «Լիրիկա», «Հուշարձան մայրիկիս» և այլ ժողովածուներ, «Բիբլիական» պոեմը։ Շիրազի գրչին են պատկանում սիրված և գնահատված բազմաթիվ ստեղծագործություններ։ 1972թ. Շիրազը «Համամարդկային» խորագրով ժողովածուի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով։
«Կլասիկ կրակներով լիքն է Հ. Շիրազի պոեզիան։ Ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային Միության ամենատաղանդավոր, հիանալի պոետներից մեկն է նա»,- գրել է Նիկոլայ Տիխոնովը:
«...Բնությունը շատ շռայլ է եղել նրա նկատմամբ, հեղեղ է, ահավոր հեղեղ...»: 
«Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ և ճշմարիտ բանաստեղծ է, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է, զարմանալի պատկերներով: Բնությունը նրան օժտել է փիլիսոփայական ինտուիցիայով: Խորիմաստ «Բիբլիականի», ծաղկաբույր «Խջեզարեի» և մյուս պոեմների կախարդ հեղինակը հետհոկտեմբերյան ամենամեծ հայ լիրիկն է: Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է, «Բիբլիական» պոեմը գրված է վայրենի տաղանդով»:
Ա. Իսահակյան
Հ. Շիրազը թաղված է Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող պանթեոնում, հայ մեծանուն արժանավորների «ընտանիքում»: 
Հ. Շիրազի արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2005թ. հունիսի 1-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ա-1 թաղամասի «Երիտասարդություն» զբոսայգում, «Սուրբ Երրորդություն» նորակառույց եկեղեցուն հարող տարածքում: Բացմանը ներկա էին պաշտոնատար անձիք, բանաստեղծի հարազատները և արվեստասերներ: Խոսք ասացին ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, բանաստեղծի որդին և հուշարձանի հեղինակը` Արա Շիրազը: Շրազի նմանակումներով հանդես եկավ եգիծաբան - ասմունքող` Հրանտ Հորիզոնը:
Արձանի նյութը` բրոնզ, բազալտ, բարձրությունը 5 մ, քանդակագործ` Արա Շիրազ (տես` Ա. Մյասնիկյանի արձանը): Ճարտարապետ - Աշոտ Սմբատյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել