Armeniasputnik.am-ը գրում է.

Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերը Թուրքիայից ստացել են առաջին Bayraktar TB2 հարվածային անօդաչու համալիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան Թուրքիայից հարվածային անօդաչուներ է գնել Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքները պաշտպանելու համար։ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, այս հայտարարությունը մեկնաբանելիս, համեմատել է Կիևի դիրքորոշումը երեխաներին վախեցնելու հետ, իսկ բուն անօդաչուները` «բարակ ծղոտի», որով ռուսական բանակին վախեցնելն անխոհեմություն է։

«ՌԾՈւ–ի համար Bayraktar TB2 առաջին հարվածային անօդաչու համալիրը առաքվել է Ուկրաինա։ Տեղակայման վայրում իրականացնում ենք համալիրի ընդունման վերջնական փորձարկումները։ Սև և Ազովի ծովերի ջրատարածության և ափերի արդյունավետ դիտարկում և քողարկում, ինչպես նաև բարձր ճշգրտության միջոցներով հակառակորդի վերջրյա և ցամաքային թիրախներին խոցելու հնարավորություն կստանանք»,– ասվում է ՊՆ Facebook–յան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ թուրքական անօդաչուների առաջատար արտադրող Baykar կազմակերպության մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական Bayraktar հարվածային անօդաչուները։ Դրանից հետո ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչուներ վաճառելու մասին հաղորդումներն ուրախություն չեն պատճառում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ իր երկիրը Ուկրաինային ԱԹՍ է վաճառում առանց նախապայմանների, գործարքը Ռուսաստանի դեմ ուղղված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել