ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՀՀ ԴԵ-ՖԱԿՏՈ ՂԵԿԱՎԱՐԻՆ
• Օրերս Տավուշին և ամբողջ ՀՀ-ին սպառնացող վտանգի մասին իմ հանգամանալից գրառումը, որով զգուշացնում էի, որ «gps»-ային սահմանաբաժանման դեպքում Հայաստանը վերջնական շրջափակման մեջ է ընկնելու, արձագանք է գտել նաև ադրբեջանական դաշտում։
• Այսպես՝ Միլլի մեջլիսի բազմամյա պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն շտապել է քննադատել ինձ և պաշտպանել ՀՀ դե-ֆակտո ղեկավարին՝ ասելով․ «Հայաստանում ջախջախված քաղաքական ուժերը շարունակում են քարոզչական պայքարը (sic!)։ Խոսքի առարկա «քաղաքագետի» բարբաջանքներն ընդամենը հերթական մեղադրանքն են Փաշինյանի հասցեին, իբր նա կապիտուլյացվում է, մինչդեռ խոսքն ընդամենը տակավին սովետական շրջանում հաստատված քարտեզների հիման վրա սահմանագծի անցկացման մասին է» (https://pressklub.az/?p=94630&lang=ru)։ Նկատե՛ք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և ադրբեջանցի պատգամավորի խոսույթի կատարյալ նույնությունը, որ դրսևորվում է ինչպես ազգային ներհայեցողությամբ մարդկանց քաղաքական պիտակ կպցնելու, այնպես էլ ասվածը սուտ որակելու մեջ։ Այնուհետև՝ Ռ․ Մուսաբեկովը «լոլո է կարդում», որ կատարվելիքը կնպաստի լարվածության լիցքաթափմանը և այլն։
• Կարծում ենք՝ այսօրինակ փաստերը մի ավելորդ, բայց և խոսուն վկայություն են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների՝ պարտվողական ու կոլաբորացիոնիստական էության և թուրք-ադրբեջանական աշխարհի առաջ ծնկած լինելու մասին։ Փաստացի նրանց՝ որպես հավաքական սուբյեկտների, շահերի ու տեքստերի նույնությունը նշանակում է նրանց էության և նպատակների նույնություն։
* Լուսանկարում Ոսկեպարի տարածաշրջանի Բերդավանք միջնադարյան վանական համալիրում եմ, որը սովետական շրջանում քանդուքարափ է արվել Վերին Ոսկեպար անկլավում հաստատված ադրբեջանցիների ձեռքերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել