Ես որոշել էի այսօր ոչ մի գրառում չանել, բայց ստացա Արամի մայրիկի՝ ինձ ուղղված շնորհավորանքն ու անկեղծ պետք ա լինեմ՝ փշաքաղվեցի։ Մի հատված ներկայացնեմ.
«Շնորհավոր ծնունդդ, Արամ ջան։ Քո նման հայրենասեր տղաները օդի պես անհրաժեշտ են մեր վիրավոր հայրենիքին։ Իմ կրտսեր որդու անունն էլ է Արամ, որ իր կյանքը զոհաբերեց հանուն անչափ թանկ հայրենիքի համար։ Սիրում եմ բոլոր իրական Արամներին։ Մենք չափազանց թանկ սերմեր ցանեցինք մեր սուրբ հողերի վրա, և դա չի կարող համապատասխան բերք չտա։ Աստված բոլորիս հետ»։
Արամ Գյուլամիրյանը բանակ էր զորակոչվել 2020 թ. հունվարի 13-ի։ Հրետանավոր էր, Հադրութում էր ծառայում։
Պատերազմի առաջին օրվանից Արամը ներգրավված է եղել ռազմական գործողություններում։ Արամենց դասակը բավական դիպուկ էր կրակում և ցավալի կորուստներ պատճառում թշնամուն, ինչից հետո էլ ԱԹՍ-ների հուժկու ներգործության տակ են հայտնվում:
Արամը զոհվեց թշնամու արձակած ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 10-ին, Հադրութի դիրքերում, վիրավոր ընկերներին օգնության շտապելիս։ Զոհվելուց մեկ ամիս անց՝ նոյեմբերի 6-ին, Արամը կդառնար 19 տարեկան։
Նախորդ տարիների համեմատ այս տարի ինձ ուղղված շնորհավորանքներն ավելի եմ արժևորում։ Ամեն անգամ լսելով ու կարդալով ինձ ուղղված բարեմաղթանքները, ես նախևառաջ տղերքին եմ շնորհակալ լինում։ Մենք այսօր ապրում ու շնորհավորանքներ ենք ստանում շնորհիվ էն հազարավոր տղերքի, ովքեր իրենց կյանքը չխնայեցին՝ մեր խաղաղ կյանքի համար։
Արամն ու Արամի պես հազարավոր տղերք զոհվեցին, որ մենք էսօր ապրեք ու չմոռանանք որ պետք է ապրեցնենք նաև նրանց հիշատակը։ Մենք ողջ ենք, որ պատմենք, հիշենք ու ամեն օր շնորհակալ լինենք, որ իրենց կյանքի գնով մեր կյանքն ենք ապրում։
Շնորհակալ եմ, տղերք ջան, շնորհակալ ենք, տղերք ջան։
Հիշատակներդ անմար ու հավերժ փառք ձեզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել