Lurer.com-ը գրում է.

Ականի վրա պայթած հայ տղամարդը ոչ թե անհետ կորած զինծառայողի ծնող կամ հարազատ էր, այլ փրկարարներին ուղեկցող: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ Սարսադարյան Նորայրը լավ ծանոթ էր տեղանքին:

Հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում՝ Մարտունիում, առաջին օգնությունը, ով է ցուցաբերել հայ տղամարդուն, նա պատասխանեց. «Նրան սկզբում առաջին օգնություն են ցուցաբերել մեր փրկարարները, հետո արդեն ռուս խաղաղապահները: Ադրբեջանցիներն էլ իրենց գովազդի և տեսանյութում երևալու համար ձևացրել են, իբրև, օգնում են»,- նշեց Հունան Թադևոսյանը:

Անդրադառնալով Նորայրի առողջական վիճակին՝ ասաց. «Նրան տեղափոխել են Ստեփանակերտի բուժհաստատություն, հեռացրել են ոտքի վնասված հատվածը, հիմա վիճակը կայուն է»,- ընդգծեց խոսնակը:

Կապ հաստատեցինք նաև բուժհաստատություն՝ հետաքրքրվելու՝ արդյոք Նորայրը դեռ պալատում է, թե ոչ, ինչպես է իրեն զգում, սակայն որևէ տեղեկություն չհայտնեցին. «Իրավունք ունենք հայտնելու միայն՝ տվյալ հիվանդը այստեղ է, թե ոչ. Նորայրը մեզ մոտ է, բայց որևէ այլ տեղեկություն նրա առողջական վիճակի մասին իրավունք չունենք հայտնելու»:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում էր տարածվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են պատգարակով տեղափոխում Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում, ականի վրա պայթած հայ տղամարդուն, որը իրականացնում էր որոնողական աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել