Լրատվամիջոցները գրում են, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահը՝ Արտյուշա Ղուկասյան անուն-ազգանունով մի պարոն, նեղ, շատ նեղ շրջապատում ՙՙխոստովանել է՚՚, որ փորձել է դիմադրել և ամեն տգետի դիսերտացիա չհաստատել, սակայն ճնշումներին դիմանալը շատ բարդ է եղել, ու ինքը չի դիմադրել՝ «տրվել» է՚, թուլացել ու հաճույք ստացել…
Ազնի՞վ եք ուզում երևալ, պարոն նախկին նախագահ... Այդ դեպքում բարի եղեք տվեք այդ պլագիատների, էկլեկտիկների, տգետների, նրանց հովանավորողների ազգանունները: Այլապես հիմա այդ մասին խոսում եք, որ ի՞նչ… Թե՞ մեզ բոլորիս միամիտի տեղ եք դրել... Ի՞նչ է, մենք չե՞նք հասկանում` նեղ շրջանակն ինչ է, այս փոքրիկ, բայց հասցեատիրոջն ուղղված գրառման իմաստը որն է...
Սա ընդամենը հավանաբար հիշեցում-զգուշացում է Ձեր նշած պաշտոնյա պլագիատներին, նրանց հովանավորներին, որպեսզի Ձեր մասին հիշեցնեք, որ չեք լռի՝ կխոսեք, կպատմեք, անուններ կտաք…Հիշեցնում եք, որպեսզի Ձեր մասին մտածե՞ն, Ձեզ կրկին պաշտո՞ն տան...
Այդ ինչպե՞ս եղավ` դարձաք նախկինը ու սկսեցիք հանկարծ զրուցել Ձեր խղճի հետ և նոր հիշեցիք, որ շատ վատ, «փիս-փիս» բաներ եք արել…
Իսկ հետաքրքիր է, ԲՈՀ-ի նախագահ եղած ժամանակ Դուք, առանց ճնշման, առանց իշխանավորների պարտադրանքի, քանի՞ անտաղանդ ապուշի ու պլագիատի եք օգնել գիտական կոչում ստանալ... Իհարկե, ոչ անշահախնդիր, ոչ սիրուն աչքերի համար…
Հիշեցի՞ք... Լավ է, մնում է մի փոքր էլ անկեղծանալ և գնալ ինքնախոստովանական հայտարարություն տալ, բայց ոչ նեղ շրջանակներում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: