Մոլորակի վրա բազմաթիվ գեղեցիկ վայրեր կան, որոնք կարելի է բնության իրական հրաշքներ համարել։ Սակայն, ցավոք, դրանք հաճախ տուժում են մարդու բացասական ազդեցության պատճառով։
Սակայն, բարեբախտաբար, Երկրի վրա դեռ գոյություն ունի մարդու կողմից չապականված վայր։ Թե որն է դրա պատճառը՝ խիստ օրենսդրությունը, թե գեղեցիկի հանդեպ հարգանքը, անհայտ է։

Խոսքը գնում է Նոր Զելանդիայում գտնվող Կապույտ լճի մասին։ Անվանումը հրաշալիորեն նկարագրում է լճի աննկարագրելի տեսքը։ Այն գտնվում է Նելսոն ազգային պարկի տարածքում՝ Հարավային կղզու հյուսիսում։ Պարկն, ընդհանրապես, բավականին հայտնի է զբոսաշրջիկների շրջանում։ Վերջիններիս գրավում են ջրվեժները, ժայռերն ու անտառները։ Սակայն Կապույտ լիճը գլխավոր տեսարժան վայր է համարվում։

Լճի առանձնահատկությունը դրա բյուրեղյա մաքրությունն է։ Այն պաշտոնապես համարվում է ամենամաքուրը մոլորակի վրա։ Լիճը լցնում են մոտակայքում գտննվող Կոնստանս ջրամբարի ջրերը։ Դրանք անցնում են լեռների միջով, որտեղ էլ մաքրվում են և զտվում։
Ջուրն այնքան թափանցիկ է, որ հեռվից այն հնարավոր է շփոթել օդի հետ։ Գիտնականներին հաջողվել է պարզել, որ տեսանելիությունը լճում հասնում է 70 մետրի։ Այս ցուցիչը շատ մոտ է թորած ջրի թափանցիկությանը, որը կազմում է 80 մետր։

Կապույտ լճում լողալ խստորեն արգելվում է։ Նորզելանդական իշխանությունները վախենում են, որ լիճը արագ ու անվերադարձ մարդիկ կաղտոտեն։ Զբոսաշրջիկներին արգելում են նաև մերակայքում գտնվող անտառ այցելել, որտեղ մարդը ոտք չի դրել։ Իրականում լճում լողալը նաև անհարմար կլիներ, քանի որ ջուրը չափազանց սառն է։ Ջրի ջերմաստիճանը դրանում չի անցնում 8 աստիճան Ցելսիուսից։



