Armeniasputnik.am-ը գրում է.

Ամռան տապին հաճախակի ջրանջատումներն ու ուշացած զգուշացումները «Վեոլիա ջուր» ընկերության անփութության և թերի աշխատանքի հետևանքն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ջրաբան, ջրային փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` չնայած լինում են դեպքեր, երբ ընկերության աշխատակիցներն իրենք էլ չեն կարող նախապես կանխատեսել սպասվող վթարները, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում ընկերության գործելաոճը։

««Վեոլիա ջուր» ընկերությունը պարտավորվել է պատշաճ ջրամատակարարում իրականացնել, բնակչությանը խմելու ջրով ապահովել և, եթե ինչ-ինչ պատճառներով թերացել է` պարտավոր է նաև դրանից բխող բոլոր հետևանքները ժամանակին վերացնել»,- ասաց նա։

Հովհաննիսյանի կարծիքով` մինչև հիմնական խնդրի կարգավորումը  ընկերությունը պետք է «տուժած» քաղաքացիներին գոնե սանիտարական նվազագույն նորմերին համապատասխան անհրաժեշտ ջրով ապահովի` ցիստեռներով կամ 5-10 լիտրանոց տարաներով ջուր բաժանեն մարդկանց։

Հովհաննիսյանի դիտարկմամբ` ծորակից պղտոր կամ ժանգոտած ջրի հոսքը կարող է խողովակաշարում առկա փոքրիկ խնդրի հետևանք լինել, անհրաժեշտ է դրանք ժամանակին հայտնաբերել ու խնդիրը լուծել, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։

«Խողովակները շատ հին են և պետք չէ զարմանալ, երբ ծորակից ժանգոտած ջուր է հոսում։ Հնարավոր է, որ դա մի փոքրիկ ճաքի հետևանք լինի, որը կարելի է եռակցման միջոցով կարգավորել, իրենք ունեն ցանկացած տեխնիկա առանց քանդելու ջրագծի խողովակաշարը ստուգելու համար։ Ցավալին այն է, որ խնդիրը չկարգավորելու դեպքում խմելու ջուրը կարող է աղեստամոքսային հիվանդությունների պատճառ դառնալ»,- հավելեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք`այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը Facebook սոցիալական ցանցում հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ առավոտից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ահազանգ են ստացել, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: 

Համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել է շրջանի մանկապարտեզների աշխատանքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել