Pastinfo.am-ը գրում է.

Նոր Գեղիիից Արմեն Մելքոնյանը հանրային սննդի ոլորտում էր աշխատում, երբ համավարակի պատճառով կորցրեց աշխատանքը։ Երկու ամիս էր, ինչ երեք անգամ պակաս աշխատավարձով նոր աշխատանքի էր ընդունվել, երբ լսեց պատերազմի լուրը։ Հոկտեմբերի 5-ին կամավորագրվեց ու մարտական պատրաստություն անելուց հետո՝ հոկտեմբերի 11-ին, արդեն Հադրութում էր։

Պատերազմի օրերին հանգիստ չէր տալիս առաջնագծի անկազմակերպ վիճակը, այսօր արդեն համադրելով դրվագներն ասում է՝ մի բան հասկացա՝ մեզ տարել էին սպանելու.

«Եղել է բարդակ, անկազմակերպ վիճակ։ Մի ստորաբաժանման մի մասը մի տեղ էր, մյուսները՝ մեկ այլ, ռացիային պատասխանող չի եղել։ Անտառում գիշերեցինք, մի քանի անգամ սպայական կազմին հարցրեցի՝ ինչի՞ն ենք սպասում, ասում էին՝ հլը կտենանք, չգիտեմ, սպասում ենք հրամանին։ Մի բան հասկացա՝ մեզ տարել էին սպանելու՝ մարդաքանակ ապահովելու»,- «Փաստինֆո»-ին պատմեց կամավորը։

Հադրութում մարտական գործողությունները կատարելուց հետո՝ մի քանի օր անց տեղափոխվել են Ստեփանակերտ, որտեղ տեղեկացել են, թե նոր գումարտակ է ձևավորվում՝ Աղդամի ուղղությունը պահելու համար։ 17 կամավոր անդամագրվել էր՝ անցնելու պաշտպանական գործին։

«Տանկային գրոհ էին պատրաստվում անել։ Ամսի 18-ն էր՝ 17 հոգի կամավորագրվեց, Ասկերանում մի գիշեր անց ասացին՝ գնում եք արձակուրդ։ Հայաստան եկանք 5 օրով։ Ամսի 24-ին հետ գնացինք», - ասաց Արմենը:

2 օր Բալուջայի զորամասում մնալուց հետո ստացել են հաջորդ՝ ամենաբարդ մարտական առաջադրանքը՝ մասնակցել Շուշիի ինքնապաշտպանական մարտերին։ Պատերազմի անմիջական մասնակիցը վստահեցնում է՝ Շուշիում ադրբեջանական բանակն այլևս մարտունակ չէր։

«Բոլոր գործողությունները խայտաբղետ էին, կոնկրետ առաջադրանք քիչ ենք ստացել։ Շուշիի մարտերի ժամանակ, եթե զորքի վերախմբավորում արվել, եթե հակահարձակում լիներ` կհաղթեինք։ Ադրբեջանական բանակը հյուծված էր»։

Արմենն ու զինակիցները Շուշիի ինքնապաշտպանությանն ակտիվ մասնակցություն չեն կարողացել ունենալ, որովհետև անընդհատ ստանում էին տեղափոխվելու հրամաններ։ Պատերազմում վերջին մասնակցությունը Քարին տակում էր։ Արմենն ասում է՝ ամեն ոլորտում անկազմակերպվածությունը ծանր հետևանքներ է թողնում, ռազմի դաշտում՝ առավել ևս։

«Մի տեղից տեղափոխում էինք մեկ այլ տեղ։ Դիրքավորվում էինք, հետ էին կանչում, կամազով գնում էինք ուրիշ տեղ։ Անտառում էինք դիրքավորվում։ Մնացինք հրետակոծության տակ։ Տարան Քարին Տակ նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։ Թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանման 400 հոգի պետք է գային, բայց տեղի ունեցավ հրետակոծություն»։

Ինտենսիվ հրետակոծության ժամանակ վիրավորվել է նաեւ կամավորը։ Երկու զոհ, երեք ծանր, երկու թեթև վիրավորների թվում էր նաև ինքը։ Հրետակոծությունից պաշտպանվել ամբողջովին չստացվեց՝ Արմենն այտոսկրից վիրավորում ստացավ։ Բեկորային վիրավորում ստանալուց հետո Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ու վիրահատվել։ Այտոսկրի իմպլանտ է տեղադրվել, իսկ վիրահատությունից հետո մնացած սպին նրան ամբողջ կյանքը կհիշեցնի՝ անցած ուղին։

Պատերազմից հետո Արմենը միանվագ 500 հազար դրամ աջակցություն է ստացել։ Բայց  մինչ օրս վիրավոր կամավորին հաշմանդամության կարգ չի տրվել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել