Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հունիսի 25-ի դրությամբ հարուցվել է 37 քրեական գործ:
Դրանցից՝
· 23-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,
· 3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու,
· 2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի,
· 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,
· 1-ը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,
· 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու,
· 1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու,
· 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,
· 4-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:
Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձանց նկատմամբ, որոնցից 26-ին առաջադրվել են մեղադրանքներ, իսկ 11 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:
Նշված 47 անձանցից, մասնավորապես՝
· 22-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու համար,
· 18-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար,
· 2-ը՝ մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,
· 1-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու,
· 1-ը՝ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար,
· 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու:
· 1 անձ կասկածվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ,
· 1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու մեջ,
Ընտրակաշառք տալու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 1 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 5 անձանց, իսկ թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Բոլոր 6 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 11 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարուցված քրեական գործերով շարունակվում են քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումները՝ հանցավոր դրսևորումներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հանցագործությունները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:
Բացի այդ, առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, ահազանգերի հիման վրա շարունակվում է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթացը: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում ևս պարբերաբար կներկայացնի քրեական վարույթների շրջանակներում իրավապահ մարմինների աշխատանքների արդյունքները: