Pastinfo.am-ը գրում է.

Շիրակցի 14 հայ ռազմագերիներին Բաքվում սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Աֆղան Գաջիևի նախագահությամբ, այսօր կայացել է շիրակցի 14 հայ ռազմագերիների գործով դատական նիստը։ Հայ ռազմագերիներին Ադրբեջանը մեղադրում է կեղծ ու շինծու մեղադրանքներով՝ սադրիչ-ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ։

Դատական նիստի ընթացքում ռազմագերիներից մեկը՝ Ա.Պետրոսյանը հայտնել է, որ ինքը երկքաղաքացի է, 2013թ ապրում է Մոսկվայում։

Դատարանի հարցին՝ արդյոք կան միջնորդություններ, ռազմագերիներից Վոլոդյա Հակոբյանն ասել է՝ «վերադարձրեք մեզ տուն»։

Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազները հրապարակեցին մեղադրական եզրակացությունը։ Բաքուն հայ ռազմագերիներին մեղադրում է «ապօրինի կերպով զենք ու զինամթերք ձեռք բերելու և օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ստեղծելու մեջ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա»։

Նախագահող դատավորը հայտարարել է, թե, եթե գործի քննության ընթացքում հաստատվի մեղադրանքը, նրանք կարող են դատապարտվել ազատազրկման՝ 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ։

Հայ ռազմագերիները նշել են, որ տեղեկացված չեն եղել, որ այդ տարածքներն արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել