Պուտինի պարտությունները արտաքին քաղաքականությունում մտածելու տեղիք են տալիս: Ռուսաստանը այսօր արտաքին աշխարհի հետ կարողանում է խոսել միայն սպառնալիքի ձևով, և չնայած ասում են, թե Սառը պատերազմն ավարտվել է, բայց ես կասեի` այն ուղղակի թևակոխել է մեկ այլ փուլ: Արտաքին աշխարհը Ռուսաստան ասելիս պատկերացնում է զենք, նավթ ու գազ և Պուտինի անձը: Ու ի՞նչ է կատարվում։ Ռուսաստանը, այն է` Պուտինը, ձեռնամուխ է եղել մի միության ստեղծման, որը այսօր արդեն կարելի է անվանել ձախողված: Այդ նախաձեռնությանը արդեն իսկ իր բացասական դիրքորոշումն է հայտնել Ուկրաինան, որի դեմ Պուտինը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում: Ռուսաստանի դաշնակից Հայաստանն ամեն կերպ խուսափում է այդ դաշինքից: Բելառուսը, որը տարիներ շարունակ մանյովրեց Ռուսաստան Բելառուս պետության ստեղծումից, այստեղ նույնպես կձգի գործընթացը այնքան, որքան հնարավոր է: Պոտենցիալ դաշնակիցներից մնում են բավականին հետամնաց Միջին Ասիայի երկրները, որոնց հետ դաշինք կազմելը կարծես թե ավելի շատ բացասական կողմ ունի, քան դրական և մեծ հաշվով նույնպես մեծ հարցական է: Եվ, բնականաբար, Պուտինին մնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակից, ռուսական զինվորներից իր երկիրը թոթափած և էներգակիրներն արդեն երրորդ երկրներին վաճառած Ադրբեջանի նախագահի հետ չեֆիր խմելը: Դրանով շահերի բախման և սակարկումների իլյուզիա ստեղծելու համար: Արտաքին աշխարհն արդեն տարանջատել է աշխարհը երկու բևեռի, որում կան ռուսները և մնացածը, իսկ Հայաստանին ու ևս մի քանի երկրներին տրվել է պարզ ընտրություն` լինել նոր երկաթյա վարագույրի կամ այս կողմը, կամ այն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=374866559307073&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել