Հետընտրական զարգացումներ ու վերադասավորումներ․
Արտահերթ ընտրությունը ավարտվեց՝ իր հետ բերելով մարդկանց ու քաղաքական ուժերի իրական նպատակների բացահայտում։
Կառավարության ձևավորումից հետո մենք կտեսնենք, թե ընտրարշավին մասնակցած ու 1-2 տոկոս ձայն հավաքած կոնկրետ ովքեր են ստանալու պաշտոններ Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ Ես գիտեմ անուններ, որոնց պաշտոնների համար հիմա արհեստական կերպով քարոզվում է հանրային պահանջ։
Խորհրդարանական ընդդիմությունն էլ ամռանը մի փոքր կհանգստանա, ուժերը կհավաքի, որ պատրաստվի «թեժ աշնանը»։
Նախորդ ամիսների ընթացքում ինձ համառորեն Ռոբերտ Քոչարյանի հետ կապող բամբասանքները առաջիկա ամիսներին կնվազեն, քանի որ առաջ կգան այլ բամբասանքի օբյեկտներ։
Որպեսզի հստակ լինի, պարզ ասեմ, որ ես հարգում եմ «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված շատ մարդկանց, նրանց մեջ կան բազմաթիվ ընկերներ, բայց ես երբևէ ներառված չեմ եղել այդ ուժի քարոզչության մեջ։ Կարող էի այդ և/կամ մի քանի այլ կուսակցությունների ցանկում լինել որպես պատգամավորության թեկնածու, բայց հրաժարվել եմ՝ նախընտրելով առայժմ հեռու մնալ այդ գործընթացից։
Ես ընկերներ և մտերիմներ ունեմ նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ում, բայց դա չի խանգարում, որ նրանց առաջ դնեմ բոլոր այն պետականակործան սխալները, որոնք արվում են իշխող ուժի և նրա ոչ կոմպետենտ ղեկավարի կողմից։
Տևական ժամանակ ես փաստերով ներկայացնում եմ Նիկոլ Փաշինյանի և նրա սերտ շրջապատի ազգուրաց քաղաքականությունը՝ որևէ կերպ հրապարակային չխոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին։ Դա հիմք է տվել շատերին՝ ենթադրելու, որ ես երկրորդ նախագահի օգտին եմ աշխատում։ Նույնիսկ լեգենդներ են շրջում, թե ես մեքենաներ ու տներ եմ նվեր ստացել։ Իշխանության պատվերով մի շարք ֆեյք էջեր փողփողում են, թե քանի որ ես չեմ ժխտում դա, ուրեմն իրենք ճիշտ են։
Իմ կարծիքով, եթե փորձում ես հիմարությանը համառորեն ընթացք տալ, ապա ինքդ դառնում ես հիմարության մասնակից, հետևաբար անիմաստ է խոսել հիմարների լեզվով։
Նույն բամբասանքների տրամաբանությամբ՝ ես որևէ խոսք չեմ ասել նաև Լևոն Շիրինյանի, Արման Բաբաջանյանի, Նորայր Նորիկյանի, Անդրեաս Ղուկասյանի, ԱԺԲ-ի, Արամ Սարգսյանի և ընտրարշավին մասնակցող մյուս ուժերի մասին։ Արդյո՞ք նրանց օգտին ևս աշխատում եմ։
Հանուն արդարության՝ ասեմ, որ իրենց ազգային հռչակած մի քանի ուժերի՝ «5165»-ին, «Զարթոնք»-ին, «Ազգային օրակարգ»-ին, ևս մի քանիսին մայիսին առաջարկում էի միավորել հնարավորությունները և այդկերպ գնալ ընտրության։ Գոնե կկարողանային մտնել խորհրդարան։ Ափսոսում եմ, որ չմիավորվեցին։
Նախընտրական ու ընտրական կրքերն, իհարկե, շուտով կհանգստանան, շարքային հայաստանցին կմոռանա «հպարտ քաղաքացի» լինելու իր կոչման մասին ու կշարունակի դառը դատել, դատարկ նստել, Նիկոլ Փաշինյանը շուտով կվերսկսի պարբերաբար շոուներ սարքել՝ մարդկանց զբաղեցնելու համար, ընդդիմությունն էլ կանցնի իր գործին։ Բոլորը զբաղված կլինեն՝ մոռանալով, որ մենք կորցրել ենք հայրենիքի մի հսկա հատված, մյուս մասերն էլ վտանգի տակ են, թշնամին էլ պատրաստվում է պատերազմի։
Առաջիկա ամիսներին ինձ ավելի հաճախ կտեսնեք տարբեր մարզերում և Արցախում։ Որպես լրագրող, կինովավերագրող՝ ես պարտավոր եմ սեփական աչքով տեսնել մեր երկրի իրականությունը և բարձրաձայնել խնդիրների մասին՝ ամեն կերպ հասնելով դրանց լուծման։
Տավուշի ու Արարատի գյուղերը հանձնելու առումով իշխանությունը հույս չունենա, թե կիրագործի իր պայմանավորվածությունը։ Անտեղյակ ընտրողին կարող են խաբել ու մոլորեցնել անուշ լեզվով, բայց ոչ ինձ։ Լրագրող լինելուց առաջ ես ՀԱՅ եմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158360954863831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել