Armeniasputnik.am-ը գրում է.

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը ՌԴ առաջնահերթությունների մեջ է և մեր ուշադրության կենտրոնում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք ողջունել էինք 15 գերիների վերադարձը` սա ճիշտ ուղղությամբ արված քայլ էր։ Հայտնի է, որ ՌԴ–ն ի սկզբանե արել և անում է անհնարինը, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Այս հարցում, իհարկե, որոշակի առաջընթաց կա»,–ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` այս գործընթացում մեծ է Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի դերը։ Բացի այդ, գերիների հարցով զբաղվում է ՌԴ նախագահը, Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարները։

«Սա հեշտ լուծվող հարց չէ` այն մեծ ջանքեր է պահանջում։ Օրինակ, վերջին փոխանակումը որ եղավ, չեմ կարծում դա կյանքի կկոչվեր, եթե խաղաղապահների ջանքերը չլինեին»,–ասաց Կոպիրկինը։

Լրագրողները հարցին, թե երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ կտեղակայվեն, ճի՞շտ է այս լուրը` Կոպիրկինը պատասխանեց, որ Սյունիքում արդեն իսկ ռուսական սահմանապահների դիրքեր կան` հայ–ադրբեջանական սահմանի վիճելի հատվածներում։ Իսկ ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա նա խորհուրդ տվեց սպասել։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցին, ապա Կապիրկինը նշեց, որ տեղյակ չէ որևէ հստակ ժամկետների մասին։ Նա հավելեց, որ Մինսկի խմբի ֆորմատը շարունակում է գործել, չնայած համանախագահների հետ համագործակցության հարցում կարևոր է երկու երկրների դերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել