Քիչ առաջ Ստրասբուրգում, Եվրոպայի պահպանողականների եւ ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որեւէ նախապայմանի եւ անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։
Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց եւ հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են։ Սեիդովը պնդում էր, որ բոլոր ռազմագերիներին իրենք վերադարձրել են։
Փորձեցի վերջինիս բացատրել, որ ինքը հրաշալի հասկանում է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության եւ դիվերսիոն գործողությունների հետ ու նրանք օր առաջ պիտի վերադարձվեն Հայաստանին, սակայն վերջինս սկսեց արտաբերել ադրբեջանական ագիտպրոպի բոլոր հիմարագույն թեզերը։
Ի դեպ, Սամեդ Սեիդովը նաեւ հայտարարեց, որ իրենց հանձնված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։
Իմ դիտարկմանը, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ արձակեց մարդասպաններ Շահբազ Գյուլիեւին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել, դրան էլ Սամեդը գրպանում դրված պատասխան ուներ, թե չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։
Սեիդովը որեւէ բացատրություն չուներ նաեւ, թե ինչո՞ւ են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։
Փաստորեն, Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։
Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում եւ Ալիեւի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում, ինչի մասին ես խոսելու եմ այստեղ՝ այսօր ու վաղը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1008661336620924
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել