Խմոր՝
200 գ ցորենի և 100 գ եգիպտացորենի (կարելի է օգտագործել միայն ցորենի ալյուր՝ 300 գ) ալյուրները և 1 թ. գդալ փխրեցուցիչը խառնել, մաղել, մեջտեղում փոս անել և մեջը լցնել 2 ճ. գդալ ռոմ կամ կոնյակ, 1 հատ դեղնուց, թեթևակի խառնել: Այս զանգվածին ավելացնել 250 գ յուղոտ կաթնաշոռ (փափուկ և առանց գնդիկների) և խոշոր քերիչով քերած 230 գ սառը կարագ: Մատներով լավ տրորել և խմոր հունցել: Փաթաթել փայլաթիթեղի (фольга) մեջ և 1 ժամով տեղափոխել սառնարան:
Միջուկ՝
200 գ բոված և մաքրած գետնանուշը բլենդերով աղալ կամ դանակով, գրտնակով լավ մանրացնել: 1 հատ սպիտակուցը հարել այնքան, որ ամանից չթափվի, քիչ-քիչ ավելացնել 70 գ շաքարավազ և վանիլ՝ անընդհատ հարելով: Սա քիչ-քիչ լցնել գետնանուշի վրա՝ գդալով խառնելով: Կարելի է պարզապես վանիլը, շաքարավազը և չհարած սպիտակուցը խառնել և լցնել գետնանուշի վրա: Խմորը գրտնակել, շրջանակների բաժանել, կենտրոնում դնել 1 թ. գդալ միջուկ, եզրերն ամրացնել: Հարած ձու քսել և թխել նախապես 200 (400F) աստիճան միացրած ջեռոցում 20-25 րոպե: Խմորը շատ նուրբ է, գետնանուշով միջուկն էլ առանձնահատուկ համ է հաղորդում թխվածքաբլիթներին: Փորձե՛ք և համոզվե՛ք: Բարի ախորժակ :)