Hetq.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասում առավոտյան գրանցված միջադեպի պատճառով հանձնաժողովը որոշել է ընտրատեղամասից հեռացնել «Ազատություն» կուսակցության վստահված անձ Գարիկ Խաչատրյանին:
Հանձնաժողովի քարտուղար, ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Ժաննա Գեղամյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչը վաղ առավոտից սադրել է, խոչընդոտել է ընտրությունների բնականոն ընթացքին:
«Մի տարեց չէր կարողանում քվեաթերթիկը դնել ծրարի մեջ: Կուսակցության ներկայացուցիչն էլ վիրավորում էր, ասում՝ անխելք ես: Ասեցինք՝ տարեց մարդ ա, ասեց չէ, անխելք ա: Պապիկը ընկավ դեպրեսիայի մեջ»,- նշում է քարտուղարը:
ՔՊ-ի ներկայացուցիչ, հանձնաժողովի նախագահ Սարգիս Քլոյանն էլ պատմում է, թե կուսակցության ներկայացուցիչը, վաղ առավոտյան մտնելով ընտրատեղամաս, ասել է. «էս եկել եք Փաշինյանին ընտրե՞ք»:
Քարտուղարն էլ հավելում է. «Արդեն էդտեղից սկսվեց: Տարեց մարդուն վիրավորելուց հետո իրեն ոստիկանների օգնությամբ դուրս ենք հանել»:
Սակայն այլ բան է պատմում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Քնարիկ Գապոյանը:
Նրա խոսքով՝ «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչն ընդամենը խախտումներն է արձանագրել:
Գրանցամատյանում նույնը գրել է նաև Գարիկ Խաչատրյանը՝ նշելով, որ հանձնաժողովն ապօրինի է իրեն դուրս հանում ընտրատեղամասից, և որ ինքը ընտրողին չի վիրավորել: Վերջինս, սակայն, ընդունում է, որ հանձնաժողովի նախագահի հետ կոնֆլիկտի պատճառ եղել է:
«ՔՊ-ի վստահված անձինք ինձ ֆիզիկական վնաս հասցնելու սպառնալիքներ ներկայացրին… խնդրում եմ վերադաս հանձնաժողովին ծառայողական քննություն իրականացնել»,- գրել է Խաչատրյանը:
«Հայաստան» դաշինքի վստահված անձը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ընտրողներից մեկը 3-րդ համարի քվեաթերթիկը վերցրել, դուրս էր եկել և հարցնում էր, թե ինչպես 3-րդ համարի քվեաթերթիկը դնի ծրարի մեջ:
Այս մասին գրանցամատյանում գրառում է կատարել նաև «Հայաստան» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ ընտրողները բացեիբաց ցույց են տալիս 3-րդ համարի քվեաթերթիկը, ապա նոր դնում ծրարի մեջ:
Գրառման մեջ Մանուկյանը հայտնում է, որ հանձնաժողովի նախագահի կողմից ինչ-որ կուսակցության վստահված անձի հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի վերաբերյալ սպառնալիքներ են հնչել, նաև վիրավորական բառեր են հնչել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի նկատմամբ. «Ոստիկաններն էլ ստեղծում են պայմաններ ՔՊ կուսակցության անձանց համար, որպեսզի նրանք ճնշումներով ազդեն ընտրության ընթացքի վրա»:
Քնարիկ Գապոյանի խոսքով՝ Մանուկյանն ինքնակամ լքել է ընտրատեղամասը:
Դաշինքի ներկայացուցիչ Գապոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահը վիրավորել է դաշինքի ներկայացուցիչ, Արցախյան առաջին պատերազմում զոհվածի այրիին՝ Սաթիկ Խլղաթյանին, որի հետևանքով տեղամասում վիճաբանություն է սկսվել: Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահն անձնական խնդիր ունի վերջինիս հետ: