News.am-ը գրում է.
ԱՀԿ-ին մեղադրել են «սեքսիզմի, հովանավորչության եւ ապուշության մեջ» այն բանից հետո, երբ կազմակերպությունը վերարտադրողական տարիքի կանանց խորհուրդ է տվել ալկոհոլ չխմել՝ անկախ նրանց ընտանեկան ծրագրերից:
Telegraph-ը հայտնում է, ԱՀԿ-ի կողմից պատրաստված 2022-2030թթ․ ալկոհոլի հանդեպ գործողությունների համաշխարհային ծրագրի նախագծում երկրները պետք է «պատշաճ ուշադրություն դարձնեն որոշակի խմբերում, ներառյալ դեռահասների եւ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում ալկոհոլի օգտագործման կանխարգելմանը»:
Թերթը նշում է, որ Portman Group-ի՝ Մեծ Բրիտանիայում սոցիալական պատասխանատվության եւ ալկոհոլը կարգավորող մարմնի ղեկավար Մեթ Լամբերտը քննադատել է ԱՀԿ-ին՝ հայտարարելով, որ նրա պաշտոնյաները «շատ են դուրս եկել իրենց իրավասությունների շրջանակներից»:
«Մենք ծայրահեղ մտահոգված ենք, որ ԱՀԿ-ն իր վերջին գործողությունների ծրագրում կոչ է անում երկրներին կանխել ալկոհոլի օգտագործումը վերարտադրողական տարիքի կանանց շրջանում»,- ասել է Լամբերտը:
«Լինելով սեքսիստական եւ հովանավորչական եւ պոտենցիալ կերպով սահմանափակելով կանանց մեծամասնության ազատությունները՝ խորհուրդները գերազանցում են նրա իրավասությունները եւ չունեն գիտական հիմնավորում»,- ասել է նա: «Ճիշտ չէ այդպիսի անպատասխանատու կերպով վախեցնելը»:
ԱՀԿ-ի ծրագրի համաձայն՝ «հարկավոր է պատշաճ ուշադրություն դարձնել երեխաների եւ դեռահասների շրջանում ալկոհոլի օգտագործման սկզբի կանխմանը, հղի կանանց եւ վերարտադրողական տարիքի կանանց մոտ ալկոհոլ օգտագործելու կանխմանը»:
Տնտեսագիտության ինստիտուտի կենսակերպի բաժնի ղեկավար Քրիստոֆեր Սնոուդոնը այդ նախագիծը անվանել է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասական ապուշություն»: «Գաղափարը, որ ալկոհոլը անվտանգ չէ վերարտադրողական տարիքի կանանց համար, գիտական չէ եւ անհեթեթ է: Ավելին, դա ԱՀԿ-ին չի վերաբերում»,- նշել է նա: