Վստահաբար տեղյակ եք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է իմ ընկեր, ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և սպանության փորձի՝ պարտադրելով 30,000 եվրո վճարել որպես պատճառված վնասի հատուցում։
Լապշինի համառությունն, իհարկե, հաստատեց արդարադատություն։ 2016-ի դեկտեմբերի 15-ին Մինսկում Լապշինի ձերբակալությունից հետո ամիսներ շարունակ մենք՝ նրա ընկերներն էինք փորձում միջազգային աղմուկ բարձրացնելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Հսկայական գործ արեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մինչդեռ այն ժամանակվա իշխանությունը կամ քաղաքական որևէ ուժ ոչինչ չձեռնարկեց Արցախ այցելած Լապշինի փրկության համար։
Հիմա դրա վրա չէ, որ ուզում եմ ուշադրություն հրավիրել։ ՄԻԵԴ որոշումը կայացվել է 2021թ․ մայիսի 20-ին, բայց ՀՀ այսօրվա քաղաքական որևէ ուժ, այդ թվում՝ իշխանությունն ու ընդդիմությունը կրկին որևէ կարծիք չեն հայտնել, չեն ասել, որ Ադրբեջանը ագրեսոր կամ հակամարդկային պետություն է։ Ի վերջո, Լապշինը այդքան տանջանքների ենթարկվեց հենց Հայաստանի համար։
Մինչդեռ․
Ներքևի նկարում պատկերված է 2020թ․ դեկտեմբերին ՀՀ-ում Բելառուսի դեսպան նշանակված Ալեքսանդր Կոնյուկը։ Սա այն մարդն է, ով 2017-ին Բելառուսի գլխավոր դատախազն էր և հենց նա՛ է ստորագրել Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին՝ այդ երկրի տարածք անօրինական մտնելու համար։ Ավելի պարզ ասած՝ Կոնյուկը համաձայն է, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, և այսօր նա եկել է ՀՀ-ում աշխատելու։
Այդ մարդուն ագրեման (դեսպանի պաշտոնում աշխատելու համաձայնություն) տալուց առաջ Հայաստանի իշխանության որևէ պաշտոնյա իրեն նեղություն տվե՞լ է մտածել պետական շահի տեսանկյունից, թե՞ աշխատել է միայն ընկեր, ծանոթ, ընկերոջ ընկեր կամ փող սկզբունքը։
Հայաստանի լուռ համաձայնությամբ 2019-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, ով եղել է Ադրբեջանին «Պոլոնեզ» վաճառելու կնքահայրը։
2020-ին էլ Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակվել Ալեքսանդր Կոնյուկը, ով ստորագրել է հակահայկական ու Արցախը բացառող փաստաթղթի տակ։
Կոնյուկի ձեռքը սեղմող ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԲՀԿ ղեկավարը և մյուսները արդյո՞ք պետական մտածողությամբ են առաջնորդվել։ Իսկ ինչո՞վ է առաջնորդվում ընդդիմությունը՝ լռության մատնելով միայնակ Լապշինի հաղթանակը Ադրբեջանի դեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել