Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ուժ են կիրառել մի քանի երիտասարդների վրա։ Կան տուժածներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՔՊ կուսակցության մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4 անդամներ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ են իրականացրել, որի ընթացքում մոտեցել են համակիրներին։ Նրանց մեջ եղել է մի տղամարդ, որը հայհոյանքներ է հնչեցրել բոլոր քաղաքական գործիչների հասցեին։ Հակոբ Արշակյանը և ՔՊ–ական անդամները նրան փորձել են խրատել, նշելով, որ չի կարելի։ Այդ ժամանակ նրանց են մոտեցել 10 հարբած երիտասարդ, որոնց վրայից ալկոհոլի սուր հոտ է զգացվել, նրանք փորձել են ՔՊ անդամների վրա բռնություն գործադրելով խոչընդոտել քարոզարշավը։ ՔՊ անդամները դիմել են ինքնապաշտպանության և ուժ են կիրառել, որի հետևանքով երիտասարդներից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ՔՊ–ականները շարունակել են իրենց քարոզարշավը։ Նրանցից ոչ մեկը չի տուժել»,–ասաց նա։

Նրա խոսքով`եթե երիտասարդները հարբած չլինեին` կմտածեին, որ նրանց գործողություններն ուղղորդված են որևէ այլ քաղաքական ուժի կողմից, թեև հիմա էլ նման բան չեն կարող բացառել։

Վահագն Ալեքսանյանի տեղեկություններով ոստիկանությունում արդեն իսկ քրեական գործ է հարուցվել քարոզարշավի ընթացքը խոչընդոտելու հիմքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել