168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանն այսօր Աբովյանում իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան է տալու իրեն։

«Դուք կարող եք էլի հարց տալ, ասեք՝ արա, բա դրանց խի՞ էիր ըտեղ դրել։ Չէ, ասենք, մեկ պարզ պատճառով, ես հո չէի՞ կարողանալու գնալ օտար երկրից գեներալ բերեի, մեր գեներալների միջից պիտի նշանակվեր։ Ընդ որում, Գլխավոր շտաբի պետ նշանակելուց ես խորհրդակցել եմ ոլորտի մարդկանց հետ։ 2018 թվականին էլ, 2020 թվականին էլ ասել են՝ էս պահին երկու մարդ կա, որը պատրաստ է լինելու Գլխավոր շտաբի պետ։ Ես այդ երկու մարդկանց եմ նշանակել, ես օդից չեմ վերցրել, ընդ որում, երկուսն էլ բարձրաստիճան, փորձառու զինվորականներ։ Ու այսօր այդ մարդիկ հայտարարություններ են անում։ Ժողովուրդ, այսօր գիտե՞ք ես ձեզ ինչի համար եմ շնորհակալ, ես ուղղակի խոնարհվում եմ ձեր առաջ, չեք պատկերացնի, թե ես ինչ զգացումներ ունեմ ձեր բոլորի նկատմամբ, որովհետև այսքան սուտ, որ ասել են իմ հասցեին, չէ, բա դրա համար եմ ասում… Այն մարդը, որին ես գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքն ինձ․․․, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչու է օրուկես ուշացումով հասել»,- հայտարարել է Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեր հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Նիկոլ փաշինյանի այս հայտարարությանը, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն իր կողմից խայտառակ կապիտուլյացիան ստորագրելուց հետո սկսեց տարբեր մեղավորներ փնտրել։ Սկզբում փորձեց պարտության մեղավորությունը բարդել բոլորի վրա, այնուհետև սկսեց թիրախավորել բանակը։

«Պատահական չէ, որ նա բանակի ղեկավարներին՝ սկսած զինվորից, փորձում է մեղադրել, թե իբր դասալիքներ են եղել, դավաճաններ, որի նպատակը մեկն է, որպեսզի աշխարհին ցույց տա, որ Հայաստանն ու Արցախն այլևս բանակ չունեն, հոգեպես, բարոյապես ընկճված են, նրա նպատակը սա է։ Հիմա ինքը նոր սցենար է գրել, որով փորձում է մեղավորներ գտնել, հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել։ Ես հուսամ՝ այս ընտրություններով նրա հնարավորությունները կավարտվեն, այո, պատասխանատուները կկանգնեն դատարանի առաջ, և գլխավոր պատասխանատուն հենց ինքը կլինի, իհարկե, ոչ միայն։ Ինքը չպետք է լինի, որպեսզի իրականությունը բացահայտվի։ Կարծում եմ՝ այսօր ցանկացած գիտակից մարդ պիտի չընդունի ու չլսի նրան, և առհասարակ՝ Նիկոլն ում մեղադրում է, պետք է կանգնել նրա կողքին, քանի որ նա հաստատ անմեղ է»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ինքը ռազմական փորձագետ չէ, սակայն Շուշիի հանձնման օրերին ակնհայտ էր, որ Շուշիի համար մարտեր առհասարակ չէին ընթանում, որևէ օպերացիա չկար, օպերացիայի ղեկավար՝ ևս։ Հետևաբար՝ այդ ամենը թատրոն էր։

«Հնարավոր չէ Շուշիի համար կռվել, նման թատրոն էին սարքել, որպեսզի այսօր արդարացնեին մոտավորապես 1000 զոհերի փաստը, որը եղավ Շուշիի համար։ Նրանք տղաներին ուղղակի տարան ու ստեղծեցին Շուշիի համար պայքարելու տպավորություն։ Շուշին հանձնելուց հետո մեր երեխաները շարունակում էին զոհվել, նոյեմբերի 5-6-ից Շուշի թուրքեր էին մտել, բայց զինվորներ էին տանում իբր մարտերի համար։ Իհարկե, մարտեր լինում էին, բայց արդեն ճանապարհի վրա, ոչ թե Շուշիի ներսում։ Ընդամենը մի քանի հարյուր թուրք ուղղակի քայլելով մտել են Շուշի, քանի որ նրանց համար ճանապարհը բաց է եղել։ Մենք Ստեփանակերտում այդ ամենն արդեն պարզ տեսնում էինք»,- հավելեց Մ. Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, նոյեմբերի 9-ին ինքն արդեն Երևանում էր, սկզբում՝ Կառավարության մոտ, այնուհետև՝ ԱԺ-ի, հենց այդ ժամանակ էլ ասել է, որ բոլորի քայլերը պետք է կտրուկ լինեն։

«Այսինքն՝ ներկայիս իշխանություններին չպետք է ժամանակ տրվեր։ Առհասարակ պարտություն կրած, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունն ինքն իր կամոք հեռանում է։ Եթե իշխանությունը չհեռացավ, ապա մեղավորը մենք էինք, որ չհեռացրեցինք, փաստորեն, չկարողացանք։ Պարզապես այն ժամանակ գուցե մտածում էին, որ իրենք իրենց կամքով կհեռանան, բայց ակնհայտ էր, որ չեն հեռանալու։ Իհարկե, գուցե ծայրահեղ լինի իմ խոսքը, բայց կարծում էի, որ ուժային կառույցները պետք է դուրս գային, ձերբակալեին, ու այդ ժամանակ ձևավորվեր ժամանակավոր իշխանություն, որպեսզի 7 ամիս անց նման վիճակում չհայտնվեինք։ Բանակը բոլորիս համար սրբություն է, քանի դեռ դատավարություն չի եղել, չեմ կարող կարծիք հայտնել ներկայիս զինվորականների վերաբերյալ, սակայն պատերազմի ամբողջ ընթացքում գտնվելով Արցախում, իմ մեջ անընդհատ կասկած էր առաջանում։ Երբ հանձնեցին Հադրութը, հասկացանք, որ հերթով հանձնելով՝ գալիս են, ինձ մոտ անընդհատ հարց էր առաջանում, թե ինչու զինվորականները չեն ըմբոստանում, ինչու են ենթարկվում այդ հրամաններին։ Բայց այս առումով կարծիքս չեմ հայտնի, կսպասենք, մինչև կլինի դատ, և անպայման մեղավորները պատժվելու են»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել