168.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ վաղ է սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս լուծված չեն, հետևաբար՝ այդ հարցերը պետք է լուծել, այնուհետև մտածել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու մասին։

«Նախ երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է ստեղծվի նորմալ հարաբերություններ, որպեսզի կարողանան փոխհամաձայնեցված ձևով նման գործընթաց սկսեն։ Սակայն այս պահին լարվածությունն այնքան մեծ է, որ անհնարին է նման քայլի դիմել և այդ ամենը պարզապես արվելու է Հայաստանի հաշվին։ Այսինքն՝ այսօր այդ ամենը տեսանելի է թե՛ Սյունիքում, թե՛ Գեղարքունիքում կատարվող զարգացումների համատեքստում։

Մյուս կողմից էլ, կարծում եմ՝ այժմ գործը ոչ թե գլխից, այլ ոտքերից են սկսել, քանի որ մենք ինքներս պետք է առաջին հերթին կարողանանք բանակը վերականգնել և փորձենք ինքներս այդ հարցին լուծումներ գտնել։ Եթե մենք փորձենք միջազգային որոշակի ուժերի միջոցով այդ ամենը կատարել, բնականաբար, որևէ բան այնպես չի լինելու, այսինքն՝ որոշակի կախվածություն, շահերի բալանսավորման խնդիրներ կլինեն։ Մենք այսօր չգիտենք, թե ինչպիսի արձագանքներ կլինեն Ռուսաստանի կամ մյուս երկրների կողմից, որոնք ցանկություն ունեն որոշակի նմանօրինակ առաքելություն իրականացնել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այսօր Թուրքիան ամեն մի առիթ օգտագործում է Անդրակովկասում հնարավորինս ոտքի տեղ անելու համար։ Հասկանալի է, որ այս առիթն էլ կօգտագործի, որպեսզի կարողանա ինչ-ինչ բաների հասնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ։

Նրա կարծիքով՝ վերը նշված բոլոր հանգամանքները հաշվի առնելով, պետք է առայժմ Հայաստանը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացնելուց և դիտորդական առաքելության առաջարկից ձեռնպահ մնա՝ փորձի ընդհանուր առմամբ ճշտել այն դիրքորոշումները, որոնք ունեն  հայկական կողմի բարեկամ և հակառակորդ երկրները։ Այդ ամենը ճշտելուց և հասկանալուց հետո, միայն փորձի նմանօրինակ գործընթացների մեջ մտնի։

«Այսօր Ադրբեջանի գերխնդիրը Արցախի հարցի լուծումն է, այսինքն՝ Արցախը վերջնական իրենով անելու խնդրի լուծումը։ Այսօր այն, ինչ Ադրբեջանն անում է հայ-ադրբեջանական սահմանին, նպատակը մեկն է՝ որպեսզի Հայաստանը վերջնականապես ձեռք քաշի Արցախից, սա է հիմնական խնդիրը։

Ըստ իս, սրանով է պայմանավորված նաև այն իրավիճակը, որն Ադրբեջանը ստեղծել է հայ ռազմագերիների շուրջ։ Թշնամին գերիներին չի հանձնում, փորձում է նաև նրանց միջոցով հասնել իր նպատակներին։ Այդուհանդերձ այստեղ հարցն այն է, որ Հայաստանը նման իրավասություններ չունի՝ լուծելու Արցախի խնդիրը, որովհետև վերջիվերջո, եթե հետ ենք վերադառնում նախկին զարգացումներին, ապա ԼՂԻՄ-ը նախկին կարգավիճակով եղել է Խորհրդային Միության տարածքում։

Եթե այսօր նույնիսկ Հայաստանը նման մոտեցում էլ ցուցաբերի, ապա ինչ-որ տեղ նաև կապացուցի Ադրբեջանի կողմից առաջ քաշած այն թեզը, որ Հայաստանը տարածքային հավակնություններ ունի Արցախի նկատմամբ։ Կարծում եմ, եթե նույնիսկ Հայաստանը նման ճանապարհով էլ գնա, ապա ինքը առավել շատ կփորձի լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած սահմանագծման հարցերը, որևէ կապ չստեղծելով Արցախի Հանրապետության հետ»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ բաց առաջարկով է հանդես գալիս` ուղղված միջազգային հանրությանը, նաև Ադրբեջանի կառավարությանը։

«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:

Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»,- իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել