Երեկո էր: Փետրվարյան ցուրտ ու խավար երեկոներից էր: Այն երեկոներից էր, երբ Հայաստանը երեկոները դեռ թաղվում էր խավարի մեջ: Օտարների համար ինչ որ բան արտառոց էր, բայց երևանիցների համար ամենասովորական փետրվարյան մի երեկո էր:
Հենց այդ նույն պահին քաղաքին էր մոտենում մի ավտոբուս: Այն Ստեփանակերտից Երևան էր հետ բերում ծառայության իրենց բաժինն ավարտած մի խմբի: Շատ խայտաբղետ մի խմբի: Տասնվեցից մինչև հիսուն տարեկան զինվորների: Նրանք բոլորն էլ անհամբերությամբ էին սպասում, թե երբ են հասնելու քաղաքին: Բայց երևի ամենաանհամբերն էլ հենց ամենակրտսերն էր: Առաջին անգամ էր այդքան երկար ժամանակ հեռու մնացել տնից, մորից, հարազատներից, ընկերներից ու... ու նրանից: Այլևս չէր կարողանում դիմանալ. կարոտը խեղդում էր:
Վերջապես հասան քաղաքին ու տղան սեղմվելով պատուհանին սկսեց դիտել շուրջ բոլորը: Իրեն բռնացրեց այն մտքի վրա, որ ինչ որ մի բան այնպես չէ, ինչպես ինքը հիշում էր քաղաքը: Ինչ որ բան փոխվել էր, ինչ որ բան այնը չէր: Տղան երևի ուղղակի չէր հասկանում, որ այնտեղ, խրամատներում անցկացրած ամիսներից հետո ինքն է փոխվել. ինքն է դարձել ուրիշը: Ինքը էլ երբեք չի լինի այն պատանին, որը մի քանի ամիս առաջ մեկնեց Արցախ: Զինկոմիսարիատի մոտ ավտոբուսը կանգ առավ: Առանց ավելորդ խոսքերի ու աղմուկի բոլորը իջան ավտոբուսից: Դիմավորողները միայն զինկոմիսարիատի աշխատողներն էին: Նրանք ուրախ էին, իրենք էլ էին ուրախ: Ուրախ էին, որ բոլոր նրանք ով ամիսներ առաջ հենց այստեղից մեկնեցին հետ են եկել, բոլորը անխտիր. առանց մի քերծվածքի:
Բաժանման պահը մի քիչ տխուր էր: Ախր հեշտ չէր բաժանվել մարդկանցից ում հետ այդքան ժամանակ կիսել ես կյանքիդ ամենածանր օրերը: Բայց տանը սպասում են: Տղան վերցրեց ուսապարկը և, երբ բոլորին փաթաթվելով հրաժեշտ էր տվել ու խոստացել, որ ոչ մեկին չի մոռանա, քայլեց դեպի մետրոյի կայարանը: Արդեն ուշ էր գյուղ գնալու համար: Տրանսպորտ հաստատ չէր լինի: Ավելի լավ է գնա, գիշերը կանցկացնի բարեկամի տանը, իսկ առավոտյան կգնա գյուղ...: Կգնա՞ բայց: Չէ որ լավ գիտեր, որ ամեն օր երեկոյան նա իր տատիկի տանից դուրս է գալիս և գնում իրենց տուն: Միթե բաց կթողնի առիթը և չի հանդիպի նրա հետ: “Օրը կբացվի, բարին էլ հետը”-, մտածեց տղան:
Արդեն բոլորովին մութ էր, երբ հասավ բարեկամի տուն: Համարյա ողջ գիշեր եղբայրների հետ նստած էին: Նրանք էլ էին անցել այն ամենի միջով, ինչ որ ինքը: Իրար լավ էին հասկանում: Լուռ նստել էին ու ամեն մեկը հիշում էր: Մի կերպ անցկացրեց գիշերը: Լույսը հենց բացվեց վերցրեց ուսապարկը և դուրս եկավ քաղաք: Որոշեց ուղղակի քայլել փողոցներով, զգալ խաղաղությունը, հանգստությունը:
Համարյա ողջ օրը թափառում էր Երևանի փողոցներով: Եղավ այն բոլոր վայրերում, որտեղ եղել էին միասին: Գնաց հասավ Կապույտ մզկիթին: Նայեց մզկիթի կողքին բարձրացող մինարեթին ու ինքն իրեն ժպտաց... հիշեց, թե ինչպես վազելով բարձրանում էր մինարեթի նեղ ու սղլիկ աստիճաններով: ...Միասին մասնակցում էին ընդունելության քննություններին: Նա ասաց, որ վախենում է անձամբ գա տեսնի ինչ է ստացել, ո՞ր առարկան էր, հա անգլերենը: Տվեց իր հեռախոսի համարը ու խնդրեց, որ նայի ինչ է ստացել ու զանգի իրեն ասի, ինքն էլ հեռախոսահամարը գրեց սիգարետի տուփի վրա: Մյուս օրը ընկերոջ հետ թափառելուց բարձրացել էին մինարեթ ու ինքը չհիշելով, թե ինչ կարևոր համար կա գրված տուփի վրա, այն թողեց վերևում: Այդ մասին հիշեց միայն այն ժամանակ, երբ արդեն գնահատականները կախված էին ու պիտի զանգեր նրան: Վազելով գյուղինսիտիտուտի մոտից իջավ մզկիթը: Արդեն երեկո էր ու պահակը չէր թողնում մտնել: Շատ խնդրեց, համոզեց, որ անչափ կարևոր բան է թողել վերևում, անպայման պիտի բարձրանա: Պահակը խղճաց ու թողեց, ինքը սլացավ վերև և ինչքան երջանկացավ, երբ տեսավ տուփը այն նույն տեղում, որտեղ դրել էր...:
...Ժամանակը շատ արագ անցավ: Արդեն պիտի շտապեր, որ հանկարծ չուշանար: Գետնանցումում մի հաշմանդամ փող էր հավաքում: Շոշափեց գրպանի պարունակությունը. Ընդամենը քսան դրամ էր մոտը: Ոչինչ, ինձ հիմա փող պետք չէ, մտածեց ու տաս դրամանոցը դրեց գլխարկի մեջ: Հաշմանդամը նայեց նրան ու կարծես զգալով, որ տղան տվեց շատ ավելի շատ քան թե կտար ցանկացած միլիոնատեր մրմնջաց.
- Աստված մուրազդ կատարի տղա ջան:
“Եհ, մուրազս այն է, որ բարձրանամ ու տեսնեմ կանգառում կանգնած է նա”,- մտածեց տղան ու քայլեց աստիճաններով վերև: Եվ ... աչքերին չհավատաց: Նա կանգառում էր: Հետ-հետ քայլեց, որ իրեն չտեսնի: Միգուցե ինքը չէր: Նորից առաջացավ ու տեսավ որ նա է: Ամեն ինչ խառնվեց իրար: Այն ամենը ինչ որ մտածում ու պլանավորում էր ողջ օրվա ընթացքում գլխից թռավ: Հեռվում կանգնել էր ու դիտում էր նրան: Վախենում էր, թե՞ ամաչում էր: Չգիտեր, ուղղակի չգիտեր ինչ ասեր: Մոտեցավ տրամվայը ու աղջիկը քայլեց դեպի այն: Ինքն շտապեց դեպի մյուս դուռը: Բարձրացան տրամվայը, նա առջևի մասում, ինքը հետևում: Հիմա ավելի լավ կարող էր դիտել նրան: Ինչքան էր գեղեցկացել, նրբացել... իսկական օրիորդ: Դե ուսանողուհի էր, համալսարանական... հո իր նման խրամատներում սևացած ու կոպտացած չէր: Վերջապես սիրտ արեց ու մոտեցավ: Իբրև թե պատահաբար տեսավ ու իբրև թե պատահաբար էր հայտնվել հենց այդ տրամվայում:
- Ողջույն:
- Բարև,- ասաց աղջիկը փոքր ինչ զարմացած նայելով վրան: Երևի սկզբում չճանաչեց նույնիսկ,- բայց դու Ղարաբաղում չէի՞ր:
- Երեկ եմ եկել:
Խոսակցությունը չէր ստացվում, ինչ որ մի ծանր բան անընդհատ կանգնեցնում էր տղային, չէր կարողանում խոսել, ասել, պատմել...: Երբ հասնում էին նրանց կանգառին, վերջապես հասկացավ: Չէր ստացվում, որովհետև նա չափից ավելի վերևից էր նայում իրեն: Մեծամտացել ու գոռոզացել էր: Նա ընդունվեց համալսարան, իսկ ինքը գնաց Արցախ: Աղջկա կարծիքով իրենք ընդհանուր ոչինչ էլ չունեին: Ինչպե՞ս կարող էր համալասարանի ուսանողուհին շփվել ոչ մի տեղ չսովորող մաշված զինվորական համազգեստով այդ տղայի հետ: Այդպես էլ բաժանվեցին: Նա հեռացավ տղային թողնելով ահավոր ծանր բեռը սրտի մեջ: Միթե՞ այսպիսի վերաբերմունքի էր արժանի ինքը: Միթե՞: Փող չուներ որ ինչ որ բան նստեր տուն հասնելու համար: Ոտքով քայլեց: Գիշերվա ժամը երկուսն էր որ հասավ քաղաքի մյուս ծայրում գտնվող բարեկամի տուն: Ամաչեց այդ ուշ ժամին դուռը ծեծել: Նստեց աստիճանի վրա, փաթաթվեց բուշլատի մեջ ու այդպես էլ մնաց: Առաջին անգամ չէր: Արդեն սովոր էր ցուրտ գիշերները դրսում մնալուն: Մտածում էր անընդհատ իրենց հանդիպման մասին ու սիրտը ցավում էր: Ցավում էր երևի նրանից, որ նրան տեսնելով ավելի էր այրվել զգացմունքից, իսկ նա... նա սառն էր ինչպես երբևէ: Նա երբեք իրեն այդպես չէր վերաբերվել: Հիշում էր իր մեկնելու նախօրյակին ինչպես էին այգում պտտվում իրար ձեռք բռնած, ինչպես էր իրեն ստիպում խոստանալ, որ անպայման, անպայման հետ պիտի գա: Այդպես մտածելով էլ անցկացրեց ողջ գիշերը: Երբ լույսը բացվեց արդեն որոշել էր իր անելիքը:
Քայլեց դեպի զինկոմիսարիատ: Ճշտեց թե երբ է մեկնելու հաջորդ խումբը: Ինչ որ մեկը պատասխանեց, թե երեք օրից մեկնելու է: Ասաց որ իր անունը ավելացնեն, ինքը անպայման պիտի գնա: Այս երեք օրը կանցկացնի մոր հետ: Խեղճ մայրը հիմա արցունքն աչքերին իրեն է սպասում:
... Ձյուն էր գալիս: Ավտոբուսում աղմուկ աղաղակ էր, բոլորը խոսում էին, ծիծաղում ու հայհոյում: Անփորձ տղերք էին, ներվայնությունից էին իրենց այդպես պահում: Միայն մեկն էր անկյունում կուչ եկած քնած: Նա էր: Աչքերը փակ էին, բայց քնած չէր: Դեռ մտածում էր նրա մասին: Գիշերը մոտեցել էր նրանց տանը և դռան տակից մի թերթիկ էր գցել ներս: Թերթիկի վրա ընդամենը երկու նախադասություն. “Վերադառնում են նրանք ում սպասում են: Սպասիր ինձ և ես կգամ”...: