«Պատերազմի ավարտից արդեն ավելի քան 6 ամիս ժամանակ է անցել, և տպավորություն է, թե իշխանություններն ամեն ինչ անում են հանրությանը հակելու այն մտքին, թե՝ ինչ արած, եղածը եղած է, կարելի է թեման փակել ու անցնել առաջ, անցնել ճանապարհների ապաշրջափակման հարցին, թշնամու հետ «ընկերություն» ու առևտուր անելուն։ Նաև այս տարվա հունվարի 11-ի՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը, որը վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, դրա մասին է վկայում։ Այնինչ հայկական կողմը կարող էր նախապայմաններ առաջ քաշել, որ մինչև Ադրբեջանը չկատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես չվերադարձնի գերիներին, Հայաստանը չի անցնի ճանապարհների ապաշրջափակման խնդրի քննարկմանը։
Բայց ոչ միայն սա չարվեց, այլև իրականություն է դառնում այն տպավորությունը, թե իշխանությունները ցանկություն չունեն մի շարք առանցքային խնդիրներ բարձրացնել այնպես, ինչպես հարկն է, կամ էլ ձգտում են այդ հարցերը մոռացության տալ ու հանրության ուշադրությունը շեղել այդ թեմաներից։ Նույն գերիների խնդրով հիմա իշխանությունները պետք է ծեծեին բոլոր միջազգային ատյանների դռները և դրանց ուշադրությունը հրավիրեին այս հարցի վրա, սակայն սրա փոխարեն իշխանություններին ավելի շատ նախընտրական քարոզչությունն է հետաքրքրում, դրա համար էլ Նիկոլն այս հրատապ հարցերով զբաղվելու փոխարեն արհեստականորեն ինչ-որ հավաքներ է կազմակերպում, բարձրագոչ բառակույտեր է արտաբերում։ Իսկ գերիների թեմայի հիմնական արծարծումը մնացել է ՄԻՊ-ի, մարդու իրավունքներով զբաղվող այլ մասնագետների, անհատ իրավաբանների ու ընդդիմության ուսերին, ովքեր փորձում են տարբեր ձևաչափերով միջազգային հանրության համար լսելի դարձնել այս խնդիրը։
Բացի դրանից, իշխանությունները հետևողականորեն լռում են Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրագործված ցեղասպանական հանցագործությունների մասին ու չեն արձագանքում հայության նկատմամբ Ալիևի կողմից հնչող բռնության ու սպառնալիքների կոչերին։ Ուստի հանրության շրջանում բազմապիսի կասկածների տեղիք է տալիս այն իրողությունը, թե ինչո՞ւ են իշխանությունները լռում ու երկրի ներսում և արտաքին հարթակներում քննության առարկա չեն դարձնում Ադրբեջանի վայրագությունների մասին փաստերը։ Պատերազմի ընթացքում Նիկոլը գրեթե բոլոր հարցազրույցներում շեշտում էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարձկան, ահաբեկիչ գրոհայիններին Արցախի դեմ օգտագործելու հանցագործ գործելակերպի մասին։ Իսկ հիմա արդեն նա պարզապես լռում է, դեռ ավելին՝ հակված է ադրբեջանցիների հանցավոր արարքներին ավելի մեղմ որակումներ կամ բնորոշումներ տալ, որպեսզի հանկարծ չգրգռի նրանց։
Այսպես, նա ու իր թիմակիցները հայտարարում են, թե մեր 6 զինծառայողներին ադրբեջանցիները առևանգել են, այնինչ պետք էր ոչ թե իրավիճակն այդպես մեղմ որակել, այլև հրապարակային ներկայացնել, որ Ադրբեջանը, խախտելով համապատասխան կոնվենցիաները և միջազգային պայմանագրերը, ոչ միայն պատերազմական և ռազմական հանցագործություններ է իրագործում հայկական զինվորականների նկատմամբ, այլև ահաբեկում ու սպառնալիքներ է ստեղծում սահմանամերձ շրջանների հայկական քաղաքացիական բնակչության նկատմամբ և կանխամտածված պայմաններ է ստեղծում, որ այդ բնակչությունը հեռանա։ Մեկ այլ առանցքային նշանակության հարց է Արցախյան հիմնախնդրի թեման։ Այսօր համարյա թե ոչ ոք չի խոսում դրա մասին, իսկ միջազգային հարթակում Արցախի թեման չի բարձրացվում, կարծես թե երկրորդական պլան է մղվել։
Այս իրողությունն ավելի ակնառու է դառնում այն ֆոնին, երբ Ալիևը հայտարարում է, թե Արցախյան հիմնախնդիրը լուծված է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ավելի շատ հայ-ադրբեջանական սահմանով է զբաղված, քան Արցախյան խնդրով։ Ինչո՞ւ, օրինակ՝ պատերազմից հետո հայկական կողմը չի կարողացել կրկին ընթացք տալ Արցախի հարցով բանակցային գործընթացին ու Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ արցախահայության նկատմամբ ուժ է կիրառվել այն դեպքում, երբ միջնորդները հայտարարում էին, թե ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է իրենց համար։ Իհարկե, այսպիսի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ճկուն դիվանագիտություն ունենալ, բայց ի՞նչ դիվանագիտության մասին կարող է լինել խոսքը, երբ արտգործնախարարներին փաստացի չի հաջողվում աշխատել այս դիլետանտ, հախուռն ու անկանխատեսելի քայլերով աչքի ընկնող իշխանությունների հետ։
Դրա համար էլ սկզբում Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց, իսկ հետո՝ Արա Այվազյանը։ Այդուհանդերձ, պետք չէ լիովին հուսահատվել, եթե ցանկություն կա փոխելու այս դառն իրականությունը, ապա անհրաժեշտ է ընտրությունների միջոցով փակել իշխանությունների վերարտադրման ճանապարհը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։