Ուրեմն էսպես: Ասում եմ՝ վստահ լինելով, որ ասածս ոչ մի դույզն չի տարբերվում իրականությունից: Խոսքս վերաբերում է օգոստոսի 2-ին հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպին, երբ թուրք սահմանախախտ էր սպանվել: Խնդիրն այն է, որ հայ-թուրքական սահմանի էդ հատվածում սովորական են դարձել «անասնագողության» դեպքերը, երբ մեր հովիվները անասնատերերին հայտարարում են, թե թուրքական կողմից «էկան՝ անասունը գողացան»: Իրականում, դա բավական լավ մշակված բիզնես մեխանիզմ է, երբ սահմանի այն կողմից կապ են հաստատում տեղացի հովիվների հետ, որոշում են «գողացվելիք» կովերի քանակը և գինը: Որոշված գումարը փոխանցվում է հայկական կողմից տրված հաշվեհամարներին (դա կատարվում է երրորդ երկրների բանկային հաշիվներից՝ ՀՀ անվտանգության ծառայությունների հետ խնդիրներ չունենալու նպատակով):
Այնուհետ թուրքական կողմից մի քանի տասնյակ անասուն «պատահաբար» հայտնվում են սահմանի այս կողմում, ինչից հետո թուրք (քուրդ, ազերի) անասնագողերը, նախնական համաձայնության շրջանակում, հատում են սահմանը՝ փախած անասունը հետ տանելու պատրվակով: Նախապես մշակված սցենարի համաձայն` սահմանի այն կողմում են հայտվում նաև մերոնց «հանձնած» անասունները նույնպես: Ինչ վերաբերում է կոնկրետ օգոստոսի 2-ի միջադեպին, ապա զուտ պատահականության բերումով հերթապահության են եղել մարդիկ, ովքեր վերը նշյալ համաձայնություններից տեղյակ չեն եղել: Երբ սահմանապահները նկատել են սահմանախախտ 2 ձիավորի, ապա նրանցից մեկը (ենթասպա) ռուսերենով հրահանգել է կանգնել:
Սահմանախախտները չեն արձագանքել, ինչից հետո հետևել է նախազգուշական կրակոց օդ: Ի պատասխան, թուրքերից մեկը որսորդական հրացանով կրակել է սահմանապահների ուղղությամբ և, որպես հետևանք, սպանվել է պատասխան կրակոցից (ի դեպ, եղել է ընդամենը մեկ կրակոց, որի արդյունքում պարանոցին հասցված վերքից թուրք սահմանախախտը արյունաքամ է եղել): Սահմանախախտներից երկրորդը, օգտվելով մթությունից, կարողացել է ճողոպրել: Սա գրեցի բոլոր նրանց համար, ում, ենթադրում եմ, իրականությունն իմանալը կարևոր էր: Ինչ վերաբերում է մնացյալ՝ արդեն քաղաքական (արհեստական) բաղադրիչին, ապա ավելացնեմ, որ միջադեպին մասնակից բոլոր սահմանապահները, այդ թվում նաև սահմանախախտին գնդակահարած ենթասպան, ազգությամբ հայեր են, իսկ նրանց գործողությունները ռուսական սահմանապահ ծառայության կողմից գնահատվել են որպես իրավաչափ:
Հ.Գ. Հատուկ խուսափել եմ բնորոշումներից, բնութագրություններից և բոլոր այն արտահատություններից, որոնք վերը շարադրվածին կարող էին տալ քարոզչական կամ հակաքարոզչական երանգ կամ ենթատեքստ: