Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է ասել, թե որ ոլորտներն են դրանք ընդգրկելու: Այս մասին ԵՄ-Ճապոնիա գագաթաժողովի արդյունքներով հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է: Ոլորտային պատժամիջոցների հարցը կվերլուծեն համապատասխան կառույցները, այժմ դեռ շատ վաղ է խոսել կոնկրետ ոլորտի մասին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք սահմանափակումները կանդրադառնան կալիումի արդյունաբերության վրա:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հինգշաբթի օրը Պորտուգալիայում ԵՄ խորհրդի ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ կքննարկեն, թե ինչպես իրականացնել Բելառուսի նկատմամբ տնտեսական եւ ոլորտային պատժամիջոցները՝ Մինսկում մայիսի 23-ին ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով:

Երկուշաբթի երեկոյան ԵՄ գագաթաժողովը որոշում էր կայացրել արտակարգ ռեժիմով նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ, պահանջել էր ազատ արձակել ընդդիմադիր Ռոման Պրոտասեւիչին եւ կոչ էր արել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը հետաքննել հարկադիր վայրէջքի դեպքը՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի խախտման, ինչպես նաեւ օդանավի եւ դրա ուղեւորների անվտանգության համար ռիսկերի ստեղծման տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել