Սանկտ-Պետերբուրգը հին պատմություն ունեցող հանրահայտ ռուսական քաղաք է։ Այն ունի իր կրկնօրինակն Ամերիկայում, որի մասին քչերն են տեղյակ: Նովգորոդի մարզի բնակիչ Պյոտր Ալեկսեևիչ Դեմենտևը ԱՄՆ է արտագաղթել և հիմնել այդ բնակավայրը։
Պյոտր Ալեկսեևիչը, որը հետագայում վերափոխվել է Փիթեր Դեմենսի, ծնվել է ազնվականների ընտանիքում։ Նրա կյանքն առանձնապես չէր տարբերվում սոցիալական այդ խմբի մյուս ներկայացուցիչների կյանքից։ Դեմենտևն ապրում էր Տվերի մարզում, այնուհետև տեղափոխվել է Պիտերբուրգ՝ ծառայության։ Քաղաքացիական պարտքն ի կատար ածելուց հետո նա վերադարձել է տուն և զբաղվել գյուղատնտեսությամբ։ Այդ ոլորտում հաջողություններ չգրանցեց, սակայն արդեն 30 տարեկանում մեծ պարտքեր ուներ։ Միակ ելքը տղամարդը տեսնում էր այլ երկիր տեղափոխվելու մեջ։

1881 թ. Պյոտր Ալեկսեևիչը հաստատվեց Նյու Յորքում՝ նպատակ ունենալով ստեղծել ու զարգացնել սեփական ֆերման։ Նա կարծում էր, որ ֆիզիկական աշխատանքը կօգնի բուժել հոգու վերքերը։ Դեմենտևը փոխեց անունը՝ դառնալով Փիթեր Դեմենս, և սիմվոլիկ գումարի դիմաց աշխատանքի անցավ սղոցարանում։ Որոշ ժամանակ անց շնորհիվ մեծ ջանքերի, նա դարձավ ընկերության սեփականատերը և ընդարձակեց վերջինիս գործունեությունը։ Արտագաղթելուց երեք տարի անց Պյոտրն արդեն ուներ 100 աշխատող։
Դեմենտևը մտածում էր Ֆլորիդայի տարածքում երկաթուղի ստեղծելու մասին՝ շրջանի տնտեսությունը զարգացնելու համար։ Ընթացքում նախատեսւոմ էր նաև նավատորմային քաղաք կառուցել և անվանել այն Սանկտ Պետերբուրգի պատվին։ Կառուցապատումն սկսվեց 1885 թ.։

Երկաթուղու հիմնումը բավականին դանդաղ էր ընթանում։ Դժվար հասանելի վայրի պատճառով բարդ էր հեռվից շինարարական նյութեր, անհրաժեշտ իրեր բերելը։ Ճանապարհն անցնում էր ջրամբարով, դժվարանցանելի անտառներով ու գետերով, ալիգատորներով լի ճահիճներով։ Այս խնդիրներին աստիճանաբար ավելացան ֆինանսական բարդությունները, որոնք էլ հանգեցրին աշխատողների կողմից բունտերի։

Չնայած բոլոր դժվարություններին՝ Դեմենտևը հասավ իր ուզածին։ Իր ժամանակներում ամերիկյան Սանկտ Պետերբուրգը 40 բնակիչ ունեցող փոքրիկ գյուղ էր։ Այսօր այնտեղ բնակվում է շուրջ 250 հազար մարդ։ Քաղաքն ունի ուղղափառ եկեղեցի, մեծ ռուսական համայնք։
Ի սկզբանե նախատեսվում էր քաղաքն անվանել Դեթրոյթ, սակայն գործարարների խորհուրդը որոշեց, որ Դեմենտևն ինքը պետք է անուն ընտրի քաղաքի համար՝ իր ցանկությամբ։



