Հունիսի 20-ի արտահերթ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 24 քաղաքական ուժ, որոնցից ԱԺ մտնելու նվազագույն շեմը հաղթահարելու իրական պոտենցիալ ունի առավելագույնը 5 կամ 6-ը։
Առնվազն 18 կուսակցություն ու դաշինք զբաղված է լինելու ձայներ փոշիացնելով։ Դրանց մի մասը իշխանության արբանյակի դերում է և միտումնավոր կերպով խաղի մեջ է մտցվել հակառակ ճամբարից ձայներ փախցնելու համար։
Կան քաղաքական ուժեր, որոնք իրականում ազգային արժեքների կրող են, բայց իրենց մեջ ուժ չգտան միավորվելու և ավելի ուժեղ գնալու ընտրություններին։ Միավորվելու դեպքում «5165»-ը, «Զարթոնք»-ը, «Ազգային օրակարգ»-ը, «Արդար Հայաստան»-ը, ՀԴԿ-ն ավելի ազդեցիկ կլինեին և ավելի շատ շանս կունենային խորհրդարան մտնելու։
Այսկերպ անջատ գնալով՝ նույնիսկ ազգային նշաձող ունեցող ու իշխանության վերարտադրման դեմ իրականում պայքարող կուսակցությունները իրենց կամքից անկախ կարող են դառնալ իշխանության վերարտադրման գործին ծառայող, քանի որ եթե պոպուլիզմով, օգնության անվան տակ ընտրակաշառքով ու վարչական լծակներով Նիկոլ Փաշինյանին հաջողվի հավաքել ամենաշատ ձայներ, ապա խորհրդարան չմտած բոլոր ուժերի հավաքած ձայները բոնուսի տեսքով նվիրվելու են նրան։
Ցավում եմ, որ քաղաքական գործիչներն այդպես էլ չեն կարողանում հանուն պետականության զոհաբերել անձնական ամբիցիաները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158301013953831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել