Իրանը մեր տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող ռեգիոնալ գերտերություն է: Այն կարող է իր ներկայությամբ, կշռով լուրջ ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Իրանը մեզ համար ունի ինչպես զսպիչ (Թուրքիա), այնպես էլ խթանիչ (տնտեսություն) նշանակություն: Սակայն Երևանն այդպես էլ չօգտագործեց այդ երկրի քաղաքական ու, հատկապես, տնտեսական ռեսուրսները՝ հավանաբար Արևմուտքի ու Ռուսաստանի մոտ դժգոհություն չառաջացնելու կասկածելի հեռանկարով: Արևմուտքում գոյություն ունի դիվանագիտական չգրված օրենք, համաձայն որի` առկա է հարևանների հետ խաղաղ գոյակցության ու լավ հարաբերություններ պահպանելու ու զարգացնելու էթիկա: Այստեղ կա քաղաքական որոշակի ըմբռնում: Իսկ Ռուսաստանի համար Իրանն աշխարհաքաղաքական այն կենտրոնն է, որի ներկայությունը Կրեմլի գլոբալ շահերի իրացման ստորին հարթակն է: Ուստի պետք էր քաղաքական ռացիոնալիզմի հաշվարկային, խորքային մոտեցում, քան՝ առկա տեսանելի իրականության դոգմատիկային թեորեացում: Հայաստանն Իրանի հետ հարաբերությունների կառուցման ռազմավարությունը պետք է բխեցնի տակտիկական երկու ասպեկտից, որը, հավանաբար, կհիմնվի գլոբալ ընկալման հաշվարկի վրա.
1. արտաքին կամ գլոբալ՝ այսպես կոչված «դիվանագիտական լեգիտիմացում», որը ենթադրում է.
Ա. Արևմուտքի համար Հարավային Կովկասում ռուսական քաղաքական, տնտեսական ազդեցության հակակշռման գործոնի ընկալում
Բ. Ռուսաստանի համար Իրան-Հայաստան-Ռուսաստան գեոստրատեգիական գծի կառուցման ու ամրապնդման հեռանկար
Գ. ռուսական տարածաշրջանային ճնշումների «միջանցիկ ուղղորդում». Հայաստանի վրայից ճնշումները հոսում են Ադրբեջանի ուղղությամբ
Դ. Հայաստանի գոյապահպանական շահի իրացման ընդունում, իրանական անկանխատեսելիության ու փակության փոխարկելիության հնարավորության տեսանելիություն հայկական միջանցքով:
2. Ներքին կամ ռեգիոնալ՝ ազգային կենսական շահերի իրացման դիրքերի ամրապնդում, որը ենթադրում է հետևյալ գործոնների հաշվառում և քայլերի որդեգրում.
Ա. մեկ կենտրոնից (Ռուսաստան) էներգետիկ կախվածության զսպում
Բ. Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի դեպքում ադրբեջանական տարածքների տրամադրման հնարավորություն
Գ. իրանական Ատրպատականի ադրբեջանական խաղարկման վտանգ. դրա մասին անընդհատ ահազանգում
Դ. Ադրբեջանին իրանական ճնշման թիրախավորում, Ադրբեջանի թալիշներին Թեհրանի կողմից աջակցության ծրագրերի խրախուսում:
Այս քայլերը հնարավոր էր անել ավելի վաղ՝ այն ժամանակ, երբ կառուցվում էր Իրան-Հայաստան գազատարը, եթե դրա տրամաչափը լիներ շատ ավելի մեծ, քան կա: Դա նոր որակի խթան կլիներ տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում, բայց, ըստ երևույթին, ռուսական կողմի ճնշմամբ դա չարվեց, և հիմա, իրավիճակն ավելի է բարդացել: Բանն այն է, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և այդ ոլորտում բավական հեռուն է գնացել: Հիմա Իրանի հետ հարաբերությունների որակական շարժը կարող է ազդել այդ գործընթացի վրա: Գործընթացը շատ նուրբ քաղաքական երևույթ է. այն ունի մեկնարկման ու սահմանադրականացման զգայուն փուլեր, և դրանցից է կախված վերջին՝ անկման կամ զարգացման փուլը: Ուստի պետք է լինել մաքսիմալ զգույշ: Սակայն Ռոհանին արևմտյան վերլուծական շրջանակներում համարվում է ռեֆորմիստական լիդեր, ուրեմն և՝ նա կարող է ընկալվել Արևմուտք-Իրան կոնֆլիկտում որպես խորքային կառուցվածքների որոշակի տեղաշարժման հնարավորություն: Գրագետ ձևով օգտվելով դրանից` կարելի է Իրանի հետ զարգացնել նոր որակի հարաբերություններ, բայց միայն մի պայմանով. մեր ավանդական արտաքին քաղաքական ինտուիտիվ նախապատվային մոտեցումը պետք է փոխարինել արհեստավարժ կադրերի ներգրավմամբ, նրանց իրականացրած վերլուծությունների, հետազոտությունների գնահատման և օգտագործման կամքով:



