Պիտի տարօրինակ թվա այն փաստը, որ բոլոր այն հուշերը, որ մեզ կապում են «սովետ» կոչեցյալ բռենդի հետ, իրականում ամբողջովին հակասովետական էին, համենայն դեպս այն (շատ թերի) իմաստով, որով մենք «սովետն» ընկալում ենք: Դա իհարկե բացատրություն ունի և շատ օրինաչափ է, բայց նման տպավորություն միևնույն է կա: Ես, օրինակ, լինելով կինոման, սովետի հանդեպ նոստալգիաս հիմնականում ասոցացնում եմ կինոյի հետ, մինչդեռ բոլոր իմ սիրած սովետական կինոներն իրականում պիտի որ իմ կողմից հակասովետական ընկալվեին, սկսած ամենա պրիմիտիվ կոմեդիաներից՝ «Гараж»-ը կամ «С лёгким паром»-ը, վերջացրած Տարկովսկու գլուխգործոցներով ու մասնավորապես «Сталкер»-ով: Մարկ Զախարովին ես համարում եմ կիսահանճարեղ ռեժիսոր ու իր ողջ անթոլոգիան բազմիցս վերանայել եմ, բայց իր կինոներն ուղն ու ծուծով հակապետական ու հակասովետական են թվում:
Օրինակ ձեզ թվում է, որ «Берегись автомобиля» ֆիլմում մեծահոգի հանցագործ Ձետոչկինը գողանում է գողերից ու բաժանում է որբերին, մինչդեռ իրականում իմ սիրած ֆիլմերից մեկում ռեժիսորը պատմում է այն մասին, որ սովետական համակարգն արդար չէ, որ կաշառակերները ապօրինի գումարներով թանկանոց մեքենաներ են գնում, որ ոստիկանի մոտոն հին ա ու չի աշխատում, որ թատրոնը վստահում են չստացված ֆուտբոլային մրցավար դեգեներատներին, որ խելացի ու աշխատասեր ինժեները կյանքը վայելելու համար ստիպված պիտի թաքնվի, չարչարվի, բզբզա, վիզ դնի ու ամենակարևորը, իր ստեղծարար ջիղի համար նվաստացվի` բիրտ, անկիրթ կռված տղու կողմից: Իսկ այս ֆիլմն իմիջիայլոց նկարվել է ոչ թե անբռնազբոս 80ականներին, այլ` 1966 թվականին!
Նույն պատկերը մշակույթի բոլոր մնացած ոլորտներում էր: Վլադիմիր Վիսոցկին, ով սովորություն ուներ հարբած նստել ղեկին ու պարբերաբար սարսափելի ՃՏՊ-ների «հերոս» դառնալ, միևնույն է շարունակում էր երգել այն երգերը, որոնց «հակասովետականությանը» կնախանձեր նույնիսկ Ազատություն Ռադիոկայանը: Մինչդեռ իր վարած մեքենաների շարքում էին Ռենոն, երկու ԲՄՎ-ներն ու երկու գերթանկարժեք Մերսեդես: Բոլոր մեքենաները նա ավիրեց ՃՏՊ-ներում, որից մեկով մտավ հանրային ավտոբուսի մեջ, իսկ մյուսով` տրամվայի: Ստեղ պիտի հարց առաջանա՝ բա ու՞ր էր նայում ահեղ ԿԳԲ-ն: Խնդիրը նրանում է, որ ահեղ ԿԳԲ-ն զբաղված էր հենց Վիսոցկիներ բուծելով: Ոչ հիշյալ ֆիլմերը, ոչ Վիսոցկու երգերը, ոչ էլ Տագանկայի վրայի թատրոնը գոյություն չէին ունենա, եթե ԿԳԲ-ն այդպես չուզեր:
Ուր էր Եվրատեսիլյան տռանս Կոնչիտա Վյուրստը, երբ ողջ հետսովետում թնդում էր դրա շատ ավելի գռեհիկ տարբերակ՝ Վեռկա Սեռդյուչկան: Բայց Սեռդյուչկան էլ լուսնից չէր ընկել, իրենից առաջ դեռ սովետում թնդում էին Բորիս Մոիսեևն ու Վալերի Լեոնտևը, ու նենց չի որ հետերոսեքսուալ աստղերը, ի տարբերություն հիշյալ համասեռամոլների, առանձնանում էին բարոյականության բարձր հատկանիշներով: Ով ում հետ հասցնում պսակվում էր, իսկ ժողովուրդը զմայլվում էր դրա մասին ասեկոսեներով: Այդպես օրինակ հիմա հայտնի Իվան Ուրգանտը Անդրեյ Միրոնովի խորթ թոռն է, որովհետև դեռ նրա տատու մերը մի 3-4 անգամ պսակվել էր հեռավոր 30ականներին ու 40ականներին:
Էդ մեզ մոտ ա Սովետը ասոցացվում պահպանողականության, խստապահանջության ու կարգապահության հետ, մասամբ, որովհետև մենք սովետի ծայրամասում էինք ապրում, բայց նաև որովհետև Ստալին պապիկն ամեն ինչ արեց, որ մենք չիմանանք, որ բոլշևիկյան հեղափոխության ավանգարդում Պետերբուրգի տռանսերն էին, իսկ բոլշևիկների առաջին դեկրետը վերաբերվել է կանանց իրավունքներին, այդտեղից էլ բոլոր կադրավիկների բառապաշար է մտել «դեկրետ» բառը: Ավելին, մինչև փողոցային հայերի ու վրացիների ի հայտ գալը, բոլշևիկյան վերնախավում ամուսնական հավատարմության առումով էդ շրջանակներում շունը տիրոջը չէր ճանաչում:
Ասեմ ավելին, անբռնազբոս լիբերալիզմը Սովետին շատ ավելի բնորոշ էր, քան Ստալինյան պահպանողականությունը: Ստալինն իր էությամբ ու գործունեությամբ իրականում համար մեկ հակասովետական գործիչն էր: Էդ երկիրը ստեղծվել է Մարքսի գաղափարախոսության հիման վրա ու պահանջում էր անընդհատ հեղափոխություն և անդադար «առաջընթաց»: Հենց դա էր ամրագրված սովետական դրոշի վրա՝ մուրճը խորհրդանշում էր աշխարհի բոլոր ջարդվող սահմանները, մանգաղը խորհրդանշում էր անվերջություն (հունական դյուցաբանությունից է), իսկ աստղը` այրող լուսավորչականությունը (եգիպտական ու հուդայական մշակույթից): Այդ աստղը այրվող էր, որտև Մարքսի գաղափարախոսությունը չէր կարող չայրել, այն դեմ էր և պետք է ոչնչացներ հասարակության բոլոր կառույցները` պետությունից մինչև ընտանիք: Էնգելսի ամենանշանակալից գործերից մեկը, կամ երևի միակ նշանակալիցը, հենց այդպես էլ կոչվում էր՝ «Ընտանիքի, Պետության և Մասնավոր Սեփականության Ծագումնաբանություն»: Այս գրքում տրված էին հիշյալ երեք գաղափարների փոխկապակցվածությունը և հիմնավորվում էր դրանց ոչնչացման անհրաժեշտությունը:
Թե ինչու են մարքսիստները պնդում, որ ընտանիքը, պետությունը և մասնավոր սեփականությունը պիտի ոչնչացվի, շատ հետաքրքիր, բայց առանձին թեմա է, ինչպես նաև դրա հիմքում ընկած էքզիստենցիալ աթեիզմն ու այդ գաղափարախոսությունը կրող տաղտկալի կերպարները (տվյալ դեպքում «տաղտկալի» բառը ոչ թե որպես վիրավորանք է օգտագործվում, այլ որպես կենսաբանական նկարագրություն՝ թե էքզիստենցիալիստները և թե մարքիսիստները հիմնականում ֆիզիկապես թերզարգացած են, ինչի պատճառով էլ դժբախտ են, բայց բնականաբար դա հակված են բացատրել աշխարհի անկատարությամբ, ոչ թե իրենց ծուլությամբ կամ թույլ գենետիկայով, որի արդյունքում ունեն սերատոնինի ու դոպամինի դեֆիցիտ): Սոցիալիստների մեջ սպորտսմեններ շատ կան, իսկ էքզիստենցիալիստների մեջ դժվար գտնեք գեթ մեկ ամուր տղա:
Մարքսիստական ուտոպիային, այսինքն` կոմունիզմին, հասնելու համար գլխավոր խոչընդոտ է հանդիսանում մասնավոր սեփականությունը: Որպեսզի ամեն ինչ նորից լինի ընդհանուր, այնպես, ինչպես դա նախնադարում էր, մարդիկ պետք է հեշտությամբ հրաժարվեն մասնավոր սեփականության գաղափարից, իսկ դրա հիմնական նախապայման է հանդիսանում ընտանիքի վերացումը, որպես ինստիտուտ, որովհետև եթե չկա ժառանգ, ապա չկա նաև մասնավոր սեփականություն փոխանցելու ձև, հետևաբար անհետանում է նաև սեփականություն կուտակելու և ունենալու անհրաժեշտությունը:
Ըստ մարքիսիստների ընտանիքի ինստիտուտը խարսխվում է մի քանի կանոնների վրա: Ընտանիք կարա լինի միայն այնտեղ, որտեղ կա ընտանիքի գլուխ, այսինքն` հայր: Հայրը կարող է վստահ լինել, որ իր ժառանգն իրենն է, միայն եթե մայրը «վերահսկվում» է: Վերհասկելիությունից զատ մայրը նաև պետք է լինի առողջ/երիտասարդ ու չպետք է լինի քեզ բարեկամ, որ ժառանգներդ լինեն առողջ, իսկ եթե կույս եղավ հավանականությունը մեծ է, որ որդիդ քեզ շատ նման կլինի: Հետևաբար ընտանիքի ինստիտուտը քանդելու համար մարքսիստները պետք է քարոզեն էմանսիպացիա, անբռնազբոս սեռական կապեր, ինցեստ, հակաառնականություն և պլաստիկ վիրաբուժություն (որտև կնոջն ուզելիս դու ոչ թե ժառանգներիդ առողջության մասին պիտի մտածես, այլ, օրինակ, ստատուսիդ), դե կույս լինելն էլ առհասարակ տաբուի պետք է վերածվի:
Երբ 1966 թվի «Берегись автомобиля» ֆիլմում հիմնական հերոսի սիրեցալը ոչ միայն ահագին տարիքով էր, այլ նաև տրոլեյբուսի վարորդ, նույն ժամանակ Հոլիվուդում կնանիքին խոհանոցից դուրս չէին էլ նկարում: Այս ամենը լսելով` մենք պիտի կարծենք, որ հիշյալ ֆիլմը նկարող Ռյազանովը զբաղվում էր հակասովետական քարոզչությամբ, մինչդեռ իրականում սովետի ժողովուրդն էր իրական հակասովետական քարոզիչը և Ստալինը, որ ժողովրդի կողմից սիրված միակ ղեկավարն էր, մնացած բոլորը եղել են հավատարիմ մարքսիստ և քարոզել են այն գաղափարները, որոնց համար էլ հենց ստեղծվել էր Սովետը: Էդ հիմա է, որ ԱՄՆ-ն և հետևաբար Հոլիվուդը էստաֆետան ընդունել Մոսֆիլմից, իսկ էն ժամանակ «մենք» էինք առաջատարը:
Պատերազմից անմիջապես հետո մի կին մատուցողուհի, ում որդին դեռ չէր ավարտել իր ժամկետրային ծառայությունը, Ադեկվադի տղերքի սադրանքին տրվեց ու բացականչեց, որ ոչ մեկ չպետք է զոհվի հանուն հողի, ոչ իր տղան, ոչ էլ մենք: Ինձ պահանջվեց բառացիորեն մի քանի վայրկյան, որ այս շատ բարդ թվացող գաղափարներն այդ կնոջը բացատրեմ ու նա միանգամից հասկացավ ամեն ինչ: Խնդիրը նրանում է, որ 1953 թվականից ի վեր այս աշխատանքը չի տարվել: Իսկ եղածը ընդամենը մի քանի վայրկյան է: Ամեն մեկի հետ մի քանի վայրկյան... Ընդամենը մի հարց տվեք՝ «թոռանդ ուզում ես տենա՞ս»: Շատերն են հիմա մոռանում, որ զավակ ունենալու միակ նպատակը թոռ ունենալն է: Իսկ թոռը զավակդ չի, որ քեզանից ֆինանսապես կախված լինի, թոռանդ դու կարող ես տալ միայն ոչ նյութական բարիքներ՝ սեր, դաստիարակչություն, կրթություն, շնորհք այսինքն՝ հայրենիք: Եթե չունես հայրենիք ուրեմն թոռանդ տալու բան չունես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել