News.am-ը գրում է.

Թուրքիան կընդլայնի հորատումը Միջերկրական ծովի արեւելքում՝ այն տարածքում, որտեղ անցյալ տարի դա հակասություն առաջացրեց Հունաստանի եւ Կիպրոսի հետ, հաղորդում է Reuters-ը:

Էներգետիկայի նախարար Ֆաթհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան արդեն ութ հորատանցք է բացել տարածաշրջանում, բայց չնայած բնական գազի նշաններին՝ տնտեսապես նշանակալի բացահայտումներ չեն արվել: «Մեր մասնագետները յուրաքանչյուր հորատումից հետո ստուգում են տվյալները՝ օգտագործելով նախկինում ձեռք բերված սեյսմիկ տվյալները: Մենք կարող էինք եւս մի քանի հորատում կատարել այն հորատանցքերի մոտակայքում, որտեղ գազի հետքեր ենք հայտնաբերել»,- ասել է նա:

Անցյալ տարվա օգոստոսին Թուրքիայի եւ ԵՄ անդամ երկրներ Հունաստանի ու Կիպրոսի միջեւ լարվածությունը սրվել էր Միջերկրական ծովի արեւելյան մասում էներգառեսուրսների եւ իրավասությունների պատճառով:

ԵՄ առաջնորդները մարտին Անկարային նախազգուշացրել էին, որ պատժամիջոցների կենթարկվի, եթե վերսկսի էներգառեսուրսների որոնումը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել