ԱՐԴՅՈՔ ՃԻ՞ՇՏ ԷՐ ԳՈՐԲԱՉՈՎԸ
Հայաստանը նախընտրական թոհուբոհի մեջ է։ Գրանցվել են նոր կուսակցություններ, նախկին մոռացված մարդ-կուսակցությունները միավորվում, ստեղծում են դաշինքներ։ Եվ բոլոր գործիչները դեմքի կեղծ մտահոգ, բայց և լուրջ արտահայտությամբ խոսում են իրենց ազգափրկիչ ծրագրերի մասին։ Բայց, իհարկե չեն մոռանում նաև հանրությանը ներկայանալ իրենց լայն «անկեղծ» ժպիտներով, որոնք քեզ են նայում գովազդային վահանակներից։ Կարծես գտնվում ես օվկիանոսի հեռու մի կզղում ՝ ապահով, չունենալով ոչ մի թշնամի, որը կիլոմետր առ կիլոմետր նվաճում է հայրենիքդ։
Արցախի կորստից հետո վտանգված է ողջ Հայաստանը, իսկ մենք ոգևորված գնում ենք ընտրություններ կոչված ֆարսին։ Բայց ինչու եմ զարմանում և զայրանում։ «Ղարաբաղ» կոմիտեի և կոմիտեի հիմքի վրա ստեղծված Հայոց համազգային շարժման նախկին անդամներից ընդամենը երկու-երեքը ձայն բարձրացրեցին հանուն Արցախի,երբ պարզ էր որ այն կործանման եզրին է, կործանվում է և վերջապես կործանվեց։ էլ չեմ ասում, որ կոմիտեի և ՀՀՇ անդամներից շատերը դավաճանելով իրենց իսկ Արցախի ազատագրման գաղափարին, իշխանության գալուց հետո պատրաստ էին Արցախը հանձնելու։ Իսկ այսօրվա նորահայտ գործիչնե՞րը, նրանցից շատերը անթաքույց պաշտպանում կամ, «լավագույն» դեպքում լռում էին, երբ արդեն պարզ էր Արցախի հանձման ծրագիրը և այսօր էլ ձևեր են թափում, իբր անհանգստացած են իրավիճակով, բայց․․․համագումարներ են անում և գնում ընտրությունների։ Եթե այդ գործիչներն իրոք անհանգստացած լինեին Հայաստանի և Արցախի ճակատագրով, ապա կմիավորվեին, կապստամբեին և ոչ թե կխաղային պարտության և նվաստացման, Արցախը հանձնողի խաղի կանոններով։
Հիշեցի 1988թ․ ավերիչ երկրաշարժի առաջին օրերին ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի այցը Լենինական։ Երբ նրան բողոքեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալության մասին , Գորբաչովն ասաց.
ОНИ РВУТСЯ К ВЛАСТИ!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել