Բացարձակ նպատակ չունենալով քննադատության ենթարկել ընդդիմադիր շահախնդիր խմբերի և ուժերի պրոտեստային քաղաքական ակցիաների մարտավարական նպատակահարմարությունը , այնուամենայնիվ ուզում եմ շեշտել մի քանի մասնագիտական հանգամանք: Միտինգների և ակցիաների միջոցով երկարաժամկետ մարտավարական խնդիրների լուծումներ ապահովելու ժամանակներն անցել են: Այն այլևս պրոպագանդիստական գործիք չէ: Այն նույնիսկ իրական ուժի և ռեսուրսի ցուցադրության շոու չէ:
Հանրահավաքի սակավաթվության կամ մարդաշատության մրցավազքը պետք է թողնել մի կողմ և աշխատել քաղաքականապես և հատկապես քաղաքագիտապես գրագետ:
Մեր հանրության պրոտեստանտ խմբերն ու զանգվածները ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների շնորհիվ այլևս շատ արագ են ստանում ինֆորմացիան և նույնքան արագ էլ ստացած ինֆորմացիայի հիմքով ձևավորում կարծիք և դիրքորոշում:
Հանրահավաքների և տարաբնույթ ակցիաների նրանք արդեն գալիս են ձևավորված ներքին դիրքորոշմամբ և գործողություն անելու վճռականությամբ: Սակայն շատ հաճախ նրանք գալով գործողության վայր բախվում են խնդրի, որ նույն թեզերը, որոնց իրենք արդեն տիրապետում են, կազմակերպիչները տարբեր ինտերպրետացիաներով և էմոցիոնալ հիմնավորումներով նորից ներկայացնում են իրենց հարթակներից: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ փաստացի արդեն եկածները մնում են անգործառույթ, իսկ հարթակի հրետոռները կրկնում են նույն թեզերը՝ նոր զանգվածներ և հանրույթներ ներգրավելու համար, իսկ ներկաները, որոնք շատ հաճախ ավելի լավ կարող են ներկայացնել նույն թեզերը, քան հարթակից ներկայացնողները, սկսում են սպասման ռեժիմից հոգնել և մաշվել, որովհետև ակնկալում են ֆունկցիա, շարժ, գործառույթ, իսկ դա նրանց չի տրվում:
Առհասարակ հանրահավքներն այսօր ողջ աշխարհում ունեն մեկ անգամյա կիրառման և հաջողության գրանցման տրամաբանություն՝ շատ կոնկրետ խնդրի լուծման առաքելությամբ: Եթե մարտավարական հաշվարկը սխալ է և զանգվածների ծավալների ներգրավման տեխնոլոգիան նախապես լուծված չէ, ապա դա դառնում է թեզերի հնչեցման, բայց ոչ երբեք այդ թեզերը գործողության վերածելու մի միջոցառում: Ավելին, հանրության ակումուլացվող բողոքը սխալ հաշվարկի և քաղաքական սխալ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում բերում է հենց այդ պրոտեստի սննկացման և հիասթափության,որովհետև եկածներն անտեսվում են, իսկ չեկածներին ներգրավել չի հաջողվում:
Այսօր մեզ տրված է գործիք՝ ակումուլացված բողոքը վերածել կոնկրետ պասիվ այլ ոչ թե ակտիվ գործողության, ինչպիսին է քվեարկությունը: Այս գործողությունից առաջ, հանրային լայն զանգվածներին սխալ և չհաշվարկված ակցիաներով հիասթափեցնելն ու այսպես կոչված «գազ թողնելը» սխալ մարտավարություն է:
Դրա փոխարեն պետք է գրագետ աշխատել շահախնդիր խմբերի հետ՝ դրանք ճիշտ դիվերսիֆիկացնելով ըստ տարիքային, սոցիալական, մասնագիտական և ամենա կարևորը շահառու խմբերի:
Այդ խմբերին տալ պասիվ և ակտիվ գործողության օրակարգ ի ցույց դնելով նրանց շահը, որին կարելի է հասնել հենց նրանց օգտակար գործողության գործակիցը և ակումուլացված պրոտեստային էներգիան ճիշտ ժամանակին և պահին օգտագործելու և կիրառելու համար: Մոտիվացիաների գրագետ սերմանումը, այլ ոչ թե հորդորների, կոչերի և ամենավտանգավորը՝ էներգիա սպառող գործողությունների շռայլությունը, արդեն խոսում է ճիշտ մեթոդաբանության մասին
Ասել կուզեմ «գազ մի թողեք» այլ աշխատեք գրագետ, որ արդյունքում ո՛չ կմեղադրեք չեկածներին և ոչ էլ ձեզ մատնացույց կանեն, որպես քաղաքական պահանջարկ չունեցողներ, որքան էլ ձեր մղումները լինեն հանուն և ազնիվ:
P.S. Սկսում ենք ձևավորել մեր մեծամասնությունը, այլ ոչ թե հենվում ենք արդեն մաշված և փնտրտուքի մեջ գտնվող նախկին մեծամասնության վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել