Կրկեսի, էստրադայի և կինոյի արտիստ, ծաղրածու, մնջակատակ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:
Ծնվել է Մոսկվայում: Եղբայրն է բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի: 1959թ. ավարտել է Մոսկվայի կրկեսային արվեստի արվեստանոցը: Նույն թվականից աշխատել է Երևանի կրկեսում: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն, մնջախաղում սկզբնավորել է ինքնատիպ, նոր` «ենգիբարյանական» ուղղությունը: Լինելով իմպրովիզացիայի մեծ վարպետ` հարստացրել է կրկեսային ծաղրածուի ավանդական կերպարը, պատկերել է և՜ ողբերգական, և՜ կատակերգական տեսարաններ, մարդկային բազմազան բնավորություններ, կենսական իրադրություններ: Իր համարներում օգտագործել է բարդ հնարքներ, որոնք հավասարապես ցուցադրել է կրկեսում և էստրադայում: Խոհափիլիսոփայական երանգավորում ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Հովանոց», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Ջութակ» և այլ մանրապատումներ: Նկարահանվել է կինոյում («Ճանապարհ դեպի կրկես», «2-Լեոնիդ-2», «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է» և այլն): Հեղինակ է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերի: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում: 1964թ. Պրահայի ծաղրածուների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի` Էդուարդ Բասսի անվան գավաթին: 1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկեսային ստուդիա:
«… Մարդը բնույթով բարի ու մեծահոգի է, և նրա հետ միշտ հարկավոր է վարվել մեծահոգաբար, հարկավոր է հավատալ նրան. մարդու սրտում եղած բարուն, ժպտալու ունակությանը, զգալու, բարին գնահատելու ունակությանը, ուրիշին կարեկից լինելու ունակությանը» Լ. Ենգիբարյան
… Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց:
Միրոսլավ Նորնիչեկ (Չեխոսլովակիա)
«Լ. Ենգիբարյանը ստեղծագործեց ընդամենը տասներեք տարի, այդ ընթացքում հասցրեց շուրջ 7500 ելույթ ունենալ, գրեց ավելի քան 300 պատմվածք ու մանրապատում, 20 սցենար, նկարահանվեց մի քանի ֆիլմերում… Լ. Ենգիբարյանը իր արվեստով ուզեց ապացուցել, որ մարդու գերագույն նպատակը մարդ մնալն է… Նա հանդիսատեսին ստիպում էր մտածել, հուզվել, թախծել, կարոտել, երազել, կարեկցել»
(Հ. Հարությունյան, «Երեկոյան Երևան», 30 մարտի 1985):
Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան տարեդարձի առթիվ 1998թ. մարտի 26-ին Պետկրկեսի մոտ բացվեց նրա արձանը։ Բացման ներածական խոսք ասաց ՀՀ մշակույթի նախարար Հ. Մովսեսը: Այնուհետև խոսք ասացին Պետկրկեսի տնօրեն Խազխազյանը, ՀՀ ՆԳ նախարար Վ. Սիրադեղյանը:
Արձանի նյութը` բրոնզ, վարդագույն բազալտ, բարձրությունը՝ 3,6 մ, քանդակագործ` վաստակավոր նկարիչ Լևոն Թոքմաջյան (տես` Նոյի արձանը), ճարտարապետ` Ասլան Մխիթարյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել