Հայաստանի և Ադրբեջանի միջև հապշտապ սահմանագծումն ու սահմանազատումը ծուղակ է հայկական կողմի համար։
Ադրբեջանը շփման գծի տարբեր սադրանքներ հրահրելով և մեզ մղելով սահմանազատման արագ գործողությունների՝ փաստացի իր համար փորձում է ապահովել մի իրավական փաստաթուղթ, որը հետագայում նոր մտրակ կլինի Հայաստանի դեմ։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս շատ հեռու է լուծված լինելուց, մենք դեռ տասնամյակներ պիտի քննարկենք, վիճենք, գրեթե վստահ եմ, որ կպատերազմենք։ Եվ այդ համատեքստում Ադրբեջանին տալ հետխորհրդային սահմանազատման մասին ստորագրություն, նշանակում է վերջնական հրաժարվել Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից, Ղուբաթլուից, Կովսականից։
Ադրբեջանն այդպես վարվեց 1994-1995-ից հետո, երբ հետևողականորեն հրաժարվում էր հստակ պայմանավորվածություններից՝ տարիների ընթացքում վերականգնելով իր կորցրած ռեսուրսները և պատրաստվելով հաջորդ պատերազմին։ 1995-ից մինչև 2020-ը Ադրբեջանը որևէ պայմանագիր չկնքեց Հայաստանի հետ, որով կարող էին սահմանափակվել իր հետագա գործողությունները իրավական առումով։
2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ևս իրավական նորմ չէ, հետևաբար միշտ կարելի է դրա վրա աշխատել և փոփոխել՝ կախված քաղաքական ու աշխարհաքաղաքական հնարավորություններից, կախված մե՛ր հնարավորությյուններից։ Երբ այն դառնա պայմանագիր, ապա ճկունությունը կթուլանա՝ հասնելով զրոյի։
Նույնկերպ սահմանազատման պաշտոնական պայմանավորվածությունն է։ Պետք է կարողանալ հնարավորինս ամուր պահել շփման գիծն այնպես, ինչպես կա հիմա և ձգել ժամանակ։ Ձգել այնքան, մինչև ամբողջովին վերականգնված կլինեն մեր կորուստները, և միաժամանակ կունենանք թշնամու դեմ կանգնելու շատ ավելի ուժեղ ռազմական ու դիվանագիտական ռեսուրսներ։
Այդ ժամանակ հարմար առիթով հնարավոր կլինի արդեն ՀՀ-ին միացնել Քարվաճառն ու Քաշաթաղը՝ հենվելով ինչպես ԽՍՀՄ տարիներին թույլ տրված անօրինական արարքների ժխտման, այնպես էլ այդ տարածքների հայապատկան լինելու մասին միջազգային բազմաթիվ փաստաթղթերի վրա, գումարած մեր ռազմական պոտենցիալը, որն այդ ժամանակ կստիպի թշնամուն կրկին հեռանալ մեր անվտանգության կենարար հատվածից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158287850563831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել