Armeniasputnik.am-ը գրում է.

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստանի Հանրապետություն՝ ճամփորդողների նախազգուշացման մակարդակը համարելով կարմիր՝ 4-րդ աստիճանի։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

Կոչ է արվում նաև զգուշություն պահպանել Ադրբեջանի սահմանամերձ ճանապարհներին, ինչպես նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար:

Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Լեռնային Ղարաբաղում ու հարակից շրջաններում ոչ վաղ անցյալում մարտական գործողություններ էին ընթանում, իսկ զոհեր եղել են նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո։

Նմանատիպ հաղորդագրություն է տարածվել Ադրբեջանի վերաբերյալ, բայց փոքր-ինչ այլ ձևակերպումներով։

Բացի կորոնավիրուսով վարակվելու վտանգի բարձր աստիճանից (վտանգավորության 4-րդ աստիճան, ինչպես Հայաստանում), ամերիկյան իշխանությունները զգուշացնում են ահաբեկչական լուրջ վտանգների մասին։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտը նմանատիպ հաղորդագրություն էր տարածել 2020-ի սեպտեմբերի 25-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մեկնարկից 2 օր առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել