168.am-ը գրում է․

Արցախյան ազատամարտի վետերան, Հայաստանում առաջին հետախուզական-դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, ՈՄԱ հասարակական-ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովն այսօր հրավիրված ասուլիսում խոսել է Հայաստանի անվտանգային խնդիրների, Սյունիքում և Հայաստանի սահմաններին տեղի ունեցող և  հնարավոր զարգացումների մասին:

«Տեղի ունեցող իրադարձությունները սյունիքյան չեն, մեզ շեղում են՝ ասելով Սյունիք, որովհետև իրադարձություններ կան նաև Վայքում և Գեղարքունիքում: Ու հավատացեք՝ ոչ պակաս լկտի պահվածք է հակառակորդի, ավելի ճիշտ, արդեն՝ հարևանի կողմից: Սյունիք ներս մտնելը եղել է 2,5-3 կմ ու մինչև հիմա այնտեղ են: Մեր կազմակերպության, մեր գումարտակի ներկայացուցիչները արդեն մեկ շաբաթ Սյունիքում են: Ինչպես բոլորին են շեղում, նույնպես էլ մենք էինք շեղվել: Վերին Շորժային շատ քիչ ուշադրություն ենք դարձնում և Ջերմուկի այն հատվածին, որտեղ բնակավայր չկա, ինչը բավականին սխալ է»,-ասել է նա:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նա պարզաբանել է, թե որքանո՞վ են կարևոր Սյունիքի իրադարձությունները.

«Եթե նայում եք՝ Մեծ ու Փոքր Իշխանասարերը 3000 մետրից ավելի բարձունքներ են: Եվ ով իշխում է այդ բարձունքներին, նա էլ մշտադիտարկում է անում այդ տարածաշրջանում: Ոչ միայն Սյունիքում, այլև Քարվաճառի զգալի հատվածում: Թուրքը հենց այնպես ոչ մի բան չի անում: Ի տարբերություն մեզ, նա մտածում է և մտածածը սիրում է իրականացնել»,-ասել է Վարդանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել