Lragir.am-ը գրում է․
Մեր զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը
Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց միջազգային արձագանքները, մասնավորապես Ֆրանսիայի: Երեկ հայտարարվեց, որ Ֆրանսիան պատրաստ է անգամ ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Ֆրանսիան պարզապես միջազգային իրավունքի վրա հիմնված է նման դիրքորոշում հայտնում: Որքան էլ մեծ լինեին մեր ջանքերը, Ֆրանսիայի և միջազգային հանրության համար Արցախը խնդրահարույց տարածք էր, իսկ հիմա երբ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքն է հարձակման և զավթումի քաղաքականության ենթարկվում, Ֆրանսիայի այս առաջարկը շատ հետաքրքրական եմ համարում: Եթե անգամ զենքի վաճառք այս կամ այն ձևով չկատարվի, շատ ավելի լուրջ և ռազմավարական բաներ կարելի է Ֆրանսիայից ակնկալել և ստանալ, եթե Հայաստանի իշխանությունները ճիշտ վարքագիծ ունենան: Ինձ համար շատ տարօրինակ ու անհասկանալի է Հայաստանի այսօրվա իշխանությունների կեցվածքը, տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքը քաշում է Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության նկատմամբ և դիմելով ՀԱՊԿ-ին, ասում է՝ ձեր պատասխանատվությունն է: Սա շատ զարմանալի և անհասկանալի է: Ես երեկ դիտեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում և կարծում եմ՝ նա մի նոր խաղ է փորձում խաղալ, երբ Հայաստանի հողերը վտանգված են: Այստեղ ժամանակ չկա այլևս երկար գործընթացների դիմելու: Անշուշտ պետք է դիմել, բայց հարցն այդպես չպետք է լուծվի, պետք է լուծվի Հայաստանի բանակով:
Այսինքն կարծում եք, որ ՀԱՊԿ-ին դիմելը ճիշտ էր, բայց դա չպետք է լինի գերնպատա՞կը:
ՀԱՊԿ-ին կարելի է դիմել, բայց ՀԱՊԿ-ը չէ, որ պետք է Հայաստանի խնդիրները լուծի: Հայաստանն ինքը պետք է հստակ ռազմական քաղաքականություն ունենա: Այս նախընտրական շրջանում այն իրողությունը, որ վարչապետն ինքն իր պաշտոնի համար կրկին ներկայանում է, նա իսկապես ի վիճակի չէ այս խնդիրները լուծելու:
Ես չգիտեմ, չեմ կարող մանրամասն խոսել բանակի վիճակի մասին, բայց աներևակայելի է, որ երբ քո հողը, քո երկիրը վտանգված է, միայն դիմել ՀԱՊԿ-ին ու սպասել, թե ՀԱՊԿ-ը ինչ է անելու:
Կարծում եք՝ այս ամենը կարո՞ղ է վերաճել ռազմական գործողությունների և ռազմական դրության հայտարարման, թե՞ միջազգային արձագանքը բավարար կլինի խնդիրը կարգավորելու համար:
Ես կարծում եմ, որ միջազգային հանրության արձագանքը միայն երկրորդական մակարդակի վրա է կարևոր: Անշուշտ դա կարևոր է քաղաքական ու դիվանագիտական հողի վրա, բայց Հայաստանն ինքն իր ուժերով պետք է պաշտպանի իր հողը:
Երբ Ֆրանսիան հայտարարում է, որ պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել, սա նշանակում է, որ Ֆրանսիան կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավո՞րը:
Ես կարծում եմ, որ որևէ երկիր չպետք է անվտանգության երաշխավոր դառնա Հայաստանի համար: Հայաստանի անվտանգությունն ինքը Հայաստանը պետք է ապահովի: Պետք չէ սպասել միջազգային հանրությունից ավելին, քան կա այսօր: Անշուշտ, եթե Ֆրանսիան այսօր առաջարկում է Հայաստանին զենքի մատակարարում, սա պետք է լրջորեն քննարկվի: Բայց օրինակ, Սյունիքի հարցը այս հարցի հետ կապ չունի: Սա ընդհանուր համախոհության, համաձայնության խնդիր է: Իսկ Սյունիքի խնդիրը պետք է լուծվի Հայաստանի իշխանությունների և Հայաստանի բանակի կողմից: