Galatv.am-ը գրում է.

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մոսվսես Հակոբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանը հատելու եւ առաջ խորանալու փաստին՝ նշեց.

«Ես 2020 թվականի նոյեմբեր ամսին անդրադարձել եմ այս պրոբլեմին: Զգուշացրել եմ, որ այս պրոբլեմը մենք ունենալու ենք Սյունիքում եւ Վարդենիսում: Եւ ժամկետներ եմ նշել, որ խնդիրներն ունենալու ենք մայիս ամսին, որովհետեւ պարզ պետք էր հասկանալ, որ այն հատվածները, որոնցով ձմռանը հակառակորդը չի կարողացել շարժվել, ձնհալից հետո շարժվելու է: Պետք է հետեւություն կատարեին:

Մենք ավելի մեծ հնարավորություն ունեինք այդ հատվածներում նախօրոք նստելու, քան հակառակորդը: Պետք է զբաղեցնեին, ճիշտ գնահատեին, պետք է հասկանային, որ հակառակորդը Նախիջեւան եւ Ադրբեջան կապող մայրուղին, որով իրենք ցանկանում են վերաբաշխել, փորձելու են վերցնել իրենց վերահսկողության տակ: Այդ ուղղությամբ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին: Չեն արել: Արդյունքում ունեցել ենք շարժ: Սրանից հետո ի՞նչ պետք է անեին: Լուռումունջ պետք է ոչնչացնեին հակառակորդին եւ դնեին փաստի առաջ: Ոչ թե տարածքները զիջեն, հայտարարեն, որ մենք զիջել ենք մեր տարածքները ու փաստի առաջ դնեն մեր ժողովրդին»:

Մովսես Հակոբյանի կարծիքով՝ հիշյալ բացթողումների արդյունքում Հայաստանի իշխանությունները փաստի առաջ են կանգնեցրել նաեւ ՀԱՊԿ-ին, որը պետք է կայացնի որոշում:

«Այն, որ նրանք մխրճվել են մեր տարածք, ինչքան էլ վատ լինի մեր բանակի վիճակը, գոնե ես գիտեմ մեր հնարավորությունները, մի քանի փոքր գործողությունների արդյունքում ամբողջությամբ հնարավոր էր ոչնչացնել, որ ոչ թե մենք կանգնեինք փաստի առաջ, այլ հակառակորդը: Կան կանոններ, որոնցով պետք է առաջնորդվեին: Մարտարվեստի կանոններ»:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով հարցադրմանը, թե հակառակորդին ինչպե՞ս է  հաջողվել առանց դիմադրության 3,5 կմ առաջ գալ Սև լճի հատվածում, ասել էր. «Նոյեմբերի 9-ից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել և նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել։ Գիտեք, որ սահմանագիծը ևս երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել»:

Խոսելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի այս հայտարարության մասին՝ Մովսես Հակոբյանը նշեց.

«Շա՜տ մեծ հայտնություն է արել, որ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին ձմեռ է լինում: Դա նորություն է փաստորեն, իմացանք, որ ձմեռ է լինում եւ ձմռան պայմաններում եւս պետք է աշխատեն: Ինձ համար դժվար է, որ մարդիկ նման գնահատականներ են տալիս: Ձմեռ է, բա ի՞նչ: Կարո՞ղ է երկրագնդի վրա ձմեռը միայն այս տարի առաջացավ»:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանը դիմել է  ՀԱՊԿ-ին՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել