Հասկանում եմ, որ ներկայումս Հայաստանում քչերին է հետաքրքրում մեր հարևան երկիր Իրանի ներքաղաքական կյանքը, բայց և այնպես, փորձեմ մի հանգամանքի անդրադառնալ։
Այսպես՝ Իրանի
ներքաղաքական կյանքում իրադարձություններն ստանում են հետաքրքիր զարգացումներ։ Ինչքան մոտենում են նախագահական ընտրությունների օրերը, այդքան սրվում է պայքարը։
Բարեփոխականների ճամբարում որպես հաղթաթուղթ են փորձում օգտագործել ներկայումս Վիեննայում ընթացող 4+1 ձևաչափով բանակցությունները և դրանցում գրանցված հաջողությունները՝ նշելով, որ եթե դրանք պսակվեն հաջողությամբ, ապա նախագահական ընտրություններում նրանք որոշակի հնարավորություններ կարող են ունենալ։ Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ է թվում, սակայն կա երկու փոքր նրբություն.
նախ, եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ այդ բանակցություններում գլխավոր բանակցողը ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չէ, այլ փոխնախարար սեյյեդ Աբբաս Արաղչին, իսկ վերջինս համարվում է ԱԳՆ-ում ԻՀՊԿ «տղեն»։
Երկրորդ՝ օրեր առաջ ԻԻՀ հոգևոր առաջնորդը շատ հստակ ասել էր, որ ԻԻՀ ԱԳՆ-ն չէ, որ որոշում է ԻԻՀ արտաքին քաղաքական կուրսը, դա այլ կառույց է որոշում, իսկ ԱԳՆ-ն պարզապես գործադիրի գործառույթներ է իրականացնում։
Այսինքն՝ ստացվում է, որ բանակցություններում հաջողությունների դեպքում էլ այն բարեփոխականների համար չի կարող համարվել հաղթաթուղթ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/4078295328900602
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել