Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել:
Վերցնենք Ավարայրի օրինակն ու դրա միջոցով փորձենք հասկանալ այսօրվա իրադարձությունները։ Մենք Ավարայրի առասպելի վրա ենք դաստիարակվել, առանց հասկանալու գեոստրատեգիական («աշխարքաղաքականության» ֆրանսիական տարբերակը օգտագործենք, որն ավելի ճիշտ է բացատրում երևույթը) պայքարի նրբությունները, որտեղ կան շահեր, արտաքին խաղացողներ, ու ներքաղաքական պայքարում բախտը փորձողներ՝ փողի ու դիրքի համար կռիվ տվողներ։
Ավարայրը դասագրքերում ներկայացված է որպես հավատքի համար ըմբոստություն, սակայն դժվար թե այն ժամանակվա նախարարները տառաճանաչ են եղել (հիմնականում անգրագետ են եղել ու հավատքն իրենց տանձին չի եղել, որ մի հատ էլ դրա համար գնային զոհվեին)։ Այն ժամանակ նախարարներն այնքանով էին քրիստոնյա, որքան այսօրվա իրենցքայլականներն են դեմոկրատ ու գաղափարի մարտիկներ, կամ Գագիկ Ծառուկյանն աբուռով ազգային տղա:
Այդ դեպքում տղերքն ինչի համար էին դուրս եկել կռվի: Պարզ տրամաբանությունը հուշում էր, որ փողի, կամ ավելի ճիշտ սեփականության բազառի թեմա է եղել։
Հայաստանի խոշոր կալվածատերերը չէին ուզում մուծվել սեփական թագավորին, ապրել օրենքով ու պարբերաբար ապստամբում էին։ Վերջապես, 428-ին, միանալով այն ժամանակվա սորոսականներին (Հռոմի ազդեցության տակ գտնվող հայ եկեղեցականներին), խոշոր սեփականատերերը՝ օլիգարխները, գահընկեց արեցին վերջին թագավոր Արտաշես Դ-ին, որովհետև ցանկանում էին ապրել առանց օրենքների ու պարտականությունների՝ բեսպրեդելի պայմաններում, կամ ինչպես 6-րդ դարում Բյուզանդիայի կայսր անունով հայտնի Հուստինիանոսի Կոդեքսի 21-րդ նովելլայում (հոդվածում) է գրված՝ հայերն ապրում են առանց օրենքների, բարբարոս սովորույթներով։
Պարսիկները նախարարների սանձերը քաշելու համար նրանց նալոգների տակ են մտցնում ու փոխում ժառանգության իրավունքը, որ մասնատվեր նրանց ունեցվածքն ու հզորությունը, որի արդյունքում նախարարները հավատքի դրոշի տակ ապստամբում են ու փորձում ստանալ Բյուզանդացիների օգնությունը։ Բայց չեն ստանում ու Ավարայրի ճակատամարտում տնգվում են։
Ու ինչն է հատաքրքիր, երբ Պարսից շահն ապստամբներին Տիզբոն է կանչում Ատչոտ ուզելու, այն ժամանակվա իրենցքայլականները շառը քցում են Վասակ Սյունու վրա, որ ինքը անկախական էր ու ցանկանում էր առիթից օգտվելով վերականգնել Հայոց թագավորությունը, իսկ իրենք պրոստը փողի ու ունեցվածքի բազառ էին անում։ Միակ գեոստրատեգիայից հասկացող տղեն, Վասակը, դաժանորեն պատժվում է, իսկ մնացածների մեծ մասին ուղարկում են հայրենիք, որպես լավ դաս կերածներ։ Բնական է, վերադաստիարակվածները շահին ավելի լավ կծառայեն։ Հետո, արդեն հետագայում, նախարները Բյուզանդիայում են պարբերաբար մուծիտներ անում, մինչև որ կայսրերը նրանց մինչև վերջին խազն օրենքի տակ են կոխում, մասնատում ունեցվածքներն, իսկ ամենավատ հասկացողներին աքսորում Բալկաններից մինչև Կիլիկիա՝ Անթալիայի լողափերը։
Ու այսպես, սևի ու սպիտակի տրամաբանությամբ գրվել է պատմությունը ու մենք պարբերաբար կրկնում ենք այն, տանելով բարոյական հաղթանակներ։ Անգամ պանվերապահ կապիտուլյացիան է գնահատվում որպես բարոյական հաղթանակ՝ սենց իդեոտիզմ, Նիկոլն այստեղ մանթոյից պատի տակ լուռ ծխում է ու սովորում նախահայրերի հռետորաբանության արվեստից։
Ինչի եմ սա գրում։ Պատմությունը պետք է գրվի «կարդա պատմությունդ, ճանաչիր ինքդ քեզ», որ նույն սխալները չկրկնես։ Մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ մի ճանաչիր սխալներդ, դաստիարակվի հեքիաթներով ու պարբերաբար այն կրկնի։
Տիզբոնը (Մոսկվան) ու Կոստանդնապոլսը (Վաշինգտոնը) հեգեմոնիայի, ստրատեգիական դիրքերի բարելավման համար են պայքարում, որտեղ օգտագործվում էին Զրադաշտությունն (ավանդական արժեքներն) ու քրիստոնեությունը (դեմոկրատիան)։ Դա պարբերաբար շարունակվող շախմատի պարտիաներ են։ Սակայն այդ խաղի ժամանակ պատմությունից դասեր չքաշողները սեփական հետույքով են վճարում։
Հիմա էլ լիքը մարդ արժեքների կուտն ուտելով, հանուն դրանց սրա-նրա համար դոշ է տալիս, առանց հասկանալու, թե ով է ինքը, որն է իր տեղն այս աշխարհում, ունեցած հնարավորություններն ու ընդհանրապես ուզածն ինչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել