Էրդողանի նեոօսմանյան հայացքները, նրա կողմից օսմանյան ժամանակաշրջանի փառաբանումն ու ներկայումս Թուրքիայում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները դրանց հետ կապելը նոր ու հետաքրքիր զարգացումներ են ստանում:
Այսպիսի հետաքրքրաշարժ դեպքերից է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից օրերս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ սկսած հետաքննությունը: Վերջինս մեղադրվում է նախորդ տարի Օսմանյան սուլթաններից մեկի դամբարան կատարած այցի ընթացքում ձեռքերը գոտկատեղի հետևում դրած քայլելու համար, ինչն էլ Թուրքիայի իշխանությունների կողմից ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում օսմանյան սուլթանի նկատմամբ…
Ինչպես երևում է՝ Էրդողանը որոշել է էլ ավելի «հուժկու» պատասխան տալ նրանց, ովքեր «ստվեր են նետում» անցյալի վրա կամ «անհարգալից» վերաբերմունք ցուցաբերում օսմանյան սուլթանների նկատմամբ: Այլ կերպ ասած՝ անձնական նկրտումներն առաջ տանելով և փառաբանելով օսմանյան ժամանակաշրջանը՝ Էրդողանը Թուրքիան տանում է ավտորիտար պետության ճանապարհով…
Այս ամենի ֆոնին հետաքրքրականը սակայն ԱՄՆ պետքարտուղարության մտադրությունն է: Վերջերս տեղեկատվություն տարածվեց առ այն, որ Միացյալ Նահանգները միջոցներ է ցանկանում հատկացնել Թուրքիայում մի շարք նախաձեռնությունների իրականացման համար, որոնք, առաջին հերթին ուղղված են Թուրքիայում «ժողովրդավարական արժեքների» ամրապնդմանը: Թե Թուրքիայում ի՞նչ ժողովրդավարական արժեքների ու դրանց ամրապնդման մասին է խոսքը գնում, դեռևս մնում է անհասկանալի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել