Armday.am-ը գրում է․
Ֆերարան Թուրքիան չէ. իտալական քաղաքի ղեկավար Ալան Ֆաբրին այս տողերով իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության տարելիցին Ֆերարայի թատրոնում կազմակերպվելիք միջոցառման վերաբերյալ Իտալիայում Թուրքիայի դեսպանի հղած նամակի առնչությամբ:
Դեսպան Մուրադ Սալիմ Էսենլին քաղաքապետ Ֆաբրիին ուղղած նամակում հորդորել էր նրան վերանայել դիրքորոշումը թատրոնում Անտոնիա Արսլանի մասնակցությամբ կայանալիք միջոցառման առնչությամբ, որը կոչվում էր «Հայոց ցեղասպանությունը հիշողության, բանակցությունների և լռության միջև»: Դեսպանը այն «միակողմանի միջոցառում» էր անվանել՝ հիմնված «բացառապես հայերի պնդումների վրա»:
Ալան Ֆաբրին իր տարակուսանքն է հայտնել դեսպանի գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ նախ կան բավարար ապացույցներ «այդ սարսափելի իրադարձությունների վերաբերյալ, որը վերջերս ճանաչել էր նաև ԱՄՆ նախագահը»: Բացի այդ, քաղաքապետը նշել է, որ թուրք դիվանագետը, փաստացիորեն, «մեր իսկ տանը առաջարկում է գրաքննություն իրականացնել մի միջոցառման հետ կապված, որի միակ նպատակն է ոգեկոչել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը ու պայքարել չափազանց երկար շարունակվող ժխտման դեմ»:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրավորվի հիշողությունը, որ ժողովրդավարական, խաղաղ ու մշակութային նախաձեռնությունները, որոնք իրականացվում են ազատության տաճար համարվող թատրոնում, փորեն խճճել այնպիսի երկրի կողմից, ինչպիսին է Թուրքիան, որն աչքի չի ընկնում ժողովրդավարության ցուցանիշներով:
Եթե թուրք դեսպանն իր անհանդուրժելի միջամտությամբ կարծում է, թե կարող է մեր տանը թելադրել իր օրենքները, ապա ասեմ, որ չարաչար սխալվում է: Ֆերարան ազատ քաղաք է, ցանկացած ռեժիմի ու ժխտման թշնամին, և այդպես կլինի միշտ»,- հայտարարել է Ալան Ֆաբրին:
Քաղաքապետը տեղեկացրել է, որ գործընթաց է նախաձեռնելու՝ իտալահայ գրող Անտոնիա Արսլանին և Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի մասին իր համարձակ հրապարակումներով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամին պատվավոր քաղաքացու կոչում տալու համար: «Հարգանքներս և հիացմունքս նրանց երկուսին»,- ֆեյսբուքյան էջում իր գրառումը եզրափակել է Ֆերարայի քաղաքապետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: