
Galatv.am-ը գրում էՈւսման վարձերը այս ուսումնական տարվա սկզբից բարձրանալու են հինգ պետական բուհերում` Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
Թե որքանով է արդարացված ուսման վարձի թանկացումը,ԳԱԼԱ-ն փորձեց պարզել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնամեթոդաբանական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանից:
-Պարոն Քալանթարյան, ինչո՞վ է պայմանավորված ուսման վարձի բարձրացումն ու արդյոք այս հարցը քննարկվե՞լ է բուհի խորհրդի նիստում:
-Դա բուհի իրավասությունն է վարձերը բարձրացնելը, ի՞նչ եք կարծում, եթե վարձերը սահմանվել են մի տասնամյակ առաջ, տասնամյակից ավելի վաղեմություն ունեն, էդ ընթացքում ինչքա՞ն են գները բարձրացել. ամեն կողմից ասում են կրթության որակ, կրթության որակ, եկեք մեր լսարանները տեսեք ու ասեք` որակ ապահովի:
-Կրթության որակը ցա՞ծր է եղել:
-Կրթության որակը շարունակում է ցածր մնալ ամբողջ հանրապետությունում:
-Ստացվում է` կրթության որակը բարձրանալու է ուսման վարձերի բարձրացումո՞վ:
-Կրթության որակը ենթադրում է համապատասխան գրադարան, դասավանդման ժամանակակից մեթոդներ, ուսանողների ու դասախոսների վերապատրաստում, այդտեղից ոչ մի լումա չի գնալու աշխատավարձերի բարձրացմանը և կա նաև սոցիալական փաթեթ, ովքեր նորմալ կսովորեն, նրանց բարձրացված գումարը ամբողջությամբ կրթաթոշակի տեսքով կվերադարձվի:
-Նորմալ սովորելու չափանիշը կասե՞ք, ՄՈԳ-ն ինչքա՞ն է լինելու:
-76 և ավելի, այսինքն` 4 և ավելի բարձր գնահատական ունեցողներ:
-Կրթաթոշակը ինչքա՞ն է սահմանվելու, կրկին 5-6000 դրա՞մ:
-Այնքան, որ փոխհատուցվեն ավելացված ծախսերը. 150000 է ավելացել, այդքան էլ կրթաթոշակ կստանա տարվա ընթացքում, կարող է 10000 տանք, 15000 տանք. բարձրացված գումարը փոխհատուցվելու է, լավ սովորողները կստանան իրենց կրթաթոշակները, իսկ վատ սովորողները ընդհանրապես ի՞նչ գործ ունեն բուհում, հա´մ գումար չունենան, հա´մ չսովորեն, բուհի անունն էլ գցեն, կրթության որակն էլ:
-Իսկ վատ սովորողն ինչպե՞ս է ընդունվել:
-Ընդունելության հարցով ուրիշին դիմեք:
-Սոցիալական փաթեթներ կա՞ն առանձնացված մարզերի ուսանողների համար:
-Մարզերի համար առանձնացված չի, ի՞նչ տարբերություն, սոցիալական անապահով ընտանիքի, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերը զեղչվում են, զեղչվելու են առնվազն բարձրացված գումարի չափով, մարզերից եկած անապահով ուսանողների համար կտրվի հանրակացարան, սնունդ: Եթե մարզից է եկել, բայց ապահով ընտանիքից է, սովորական կարգավիճակով կհաճախի, մարզն ի՞նչ առավելություն ունի, եթե մարզից եկել է ու ապահով է, նույն ապահովն է, ինչ-որ քաղաքի ապահովը, մարզից կա, որ մեքենայով է դասի գալիս-գնում, քաղաքից կա, որ տրանսպորտի փող էլ չունի:
-Իսկ վարձավճարների բարձացումն անդրադառնալո՞ւ է պետպատվերի համակարգին, արդյոք ավելանալու է այն, թե՞ ոչ:
-Պետպատվերը Կառավարությունն է սահմանում և կրճատել է պետպատվերի տեղերի թիվը նախորդ տարվա համեմատ 10-ով:
-Ըստ Ձեզ` դա ինչո՞վ է պայմանավորված:
-Դա արդեն Կառավարության խնդիրն է. նա գերակայություն տալիս է տեխնիկական, բնական գիտություններին և անվճար տեղերն առավելապես այդ մասնագիտություններին է հատկացնում:
-Իսկ բուհի խորհրդի նիստում վարձավճարների բարձրացման հարցն ինչո՞ւ չի քննարկվել:
-Խորհուրդը ամեն տեսակ մանր հարցեր քննարկո՞ւմ է:
-Ուսման վարձի բարձրացումը մա՞նր հարց է:
-Խորհրդի կանոնադրության մեջ գրված է, թե ինչ հարցեր է քննարկվում` կառուցվածքային փոփոխություններ ու բյուջե, սա ոչ կառուցվածքին, ոչ էլ բյուջեին առնչվող հարց չէ:
-Վարձերը բյուջեին չեն առնչվո՞ւմ:
-Արտացոլվելու է, բայց երբ մենք հաստատում ենք բյուջեի ծախսերը, այդ ժամանակ է խորհուրդը քննարկում, բուհի կառուցվածքն է քննարկում, ռազմավարությունը, տվյալ դեպքում վարձերի բարձրացումը ուղղակիորեն դրան չի առնչվում, անուղղակի բոլոր հարցերն են մեկը մյուսի հետ կապված:
-Տեղյա՞կ եք, որ շատ ուսանողներ որոշել են բոյկոտել վարձավճարների բարձրացումը:
-Դա իրենց իրավունքն է:
-Իսկ եթե չվճարեն բարձրացված գումարը, այլ նախկին արժեքը վճարե՞ն:
-Բայց ո՞վ է ընդունելու նախկինի պես վճարողին, ուսանողը առաջին կիսամյակի վարձը չվճարելու դեպքում կարող է հեռացվել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



